Դարերի ընթացքում տարբեր վանքերից բազմաթիվ մասունքներ են բերվել հայ ժողովրդի հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Դրանցից կարևոր նշանակություն ունեն երեքը` Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Ս. Նոյյան Տապանից մի բեկոր:
Ըստ Հայ Եկեղեցու ավանդույթի, հռոմեացի զինվորի ձեռքով Քրիստոսի կողը խոցած Գեղարդը Հայաստան է բերվել Թադեոս առաքյալի կողմից, երբ նա այստեղ էր եկել Ավետարանը քարոզելու: Այդ է պատճառը, որ հայ արվեստում առաքյալը միշտ պատկերվում է Սուրբ Գեղարդը ձեռքին:
Սուրբ Գեղարդից հետո Հայ Եկեղեցու ամենամեծ մասունքը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջն է, որի վրա ոսկերչական վարպետությամբ պատկերված են Լուսավորչի 12 չարչարանքները:
Լուսավորչի Աջը միշտ պահվել է Կաթողիկոսությունում, և ցանկացած ժամանակ, երբ Ամենայն Հայոց Հայրապետությունը տեղափոխվել է, տեղափոխվել է նաև Աջը: Հատկանշական է, որ 17-րդ դարում, երբ Շահ Աբբասը հայերին ստիպեց գաղթել Պարսկաստան, բացի Սուրբ Էջմիածնի քարերից նա իր հետ վերցրեց նաև Աջը` խորամանկությամբ ստիպելով հայերին մնալ Պարսկաստանում, քանի որ, ինչպես ժամանակի պատմագիր Առաքել Դավրիժեցին է գրում. «Ողջ հայ ժողովուրդը կապված է Լուսավորչի Աջին ու Սուրբ Էջմիածնին »:
Ինչ վերաբերում է Նոյյան Տապանի մասունքին, ըստ պատմական աղբյուրների, այն 4-րդ դարում հանձնվել է Հակոբ Մծբնեցի Պատրիարքին, որ բարձրացավ Արարատ լեռան գագաթը` տեսնելու համար Նոյյան Տապանը: Երբ նա քուն մտավ, Աստծու հրեշտակը Տապանի մասունքը դրեց նրա գլխի տակ: Երազի մեջ հրեշտակը հրամայեց Հակոբին արթնանալ, վերցնել մասունքն ու իջնել լեռից:
Սուրբ Էջմիածինը Ամենայն Հայոց Կաթողիկոսության նստավայրն է և հայ ժողովրդի հոգևոր կյանքի կենտրոնը, բնականաբար, այստեղ են հավաքված պատարագի բազում պարագաներ ու հանդերձներ:
Դրանց մեծ մասը ողջ աշխարհի տարբեր թեմերից առանձին անհատների ու ընտանիքների կողմից նվիրատվություններ են այնպիսի առիթներով, ինչպիսիք են օրինակ Կաթողիկոսի գահակալությունը, եպիսկոպոսների ձեռնադրությունը, Սուրբ Մյուռոնի օրհնությունը կամ նման այլ առիթներ:
Մայր Աթոռի ավանդական սուրբ մասունքները, արվեստի շատ գործեր և պատարագի արարողության ժամանակ օգտագործվող պարագաներ պահվում են հիմնականում Մայր Տաճարի չորս թանգարաններում: Դրանք են՝ Մայր Տաճարի թանգարանը, որը գտնվում է արևելյան սրահներում ու գավիթներում` բեմի հետևում, հաջորդը Ալեք և Մարի Մանուկյան գանձատուն- թանգարանն է, հաջորդը հայրապետական նստավայրի (Վեհարանի) վերևի հարկը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին հայրապետական նստավայրը (Հին Վեհարան), և Ռուբեն Սևակի անվան թանգարանը, որը գտնվում է Ղազարապատում:
Խրիմյան թանգարանն այժմ վերանորոգման փուլում է, որտեղ նախատեսվում է ցուցադրել Արշիլ Գորկու և այլ հայտնի նկարիչների գործեր: Թանգարանը շուտով բաց կլինի, որտեղ այցելուները հնարավորություն կունենան դիտելու արվեստի այս կարևոր գործերը: