Ավագ Շաբաթը Ծաղկազարդին հաջորդող շաբաթն է, որն ավարտվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության՝ Ս. Զատկի կիրակիով։
ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԸ
Ավագ Երկուշաբթի ‒ հիշատակն է երկնքի և երկրի արարչագործության, Անպտուղ թզենու առակի, Երուսաղեմի Տաճարի մաքրման։
Ավագ Երեքշաբթի ‒ հիշատակն է ջրհեղեղի և Նոյի ընտանիքի փրկության, Տասը կույսերի առակի, Վերջին դատաստանի:
Ավագ Չորեքշաբթի ‒ հիշատակն է Տիրոջ օծման և մատնության։
Ավագ Հինգշաբթի ‒ հիշատակն է Վերջին ընթրիքի և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման, Ոտնլվայի խորհրդի:
Ավագ Ուրբաթ ‒ հիշատակն է Տիրոջ խաչելության և թաղման:
Ավագ Շաբաթ ‒ հիշատակն է դժոխքի ավերման։ Ճրագալույցի պատարագ: Սուրբ Զատիկ՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը:
Ապրիլի 15, Ավագ երեքշաբթի
ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ԱՌԱԿԸ
«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած` փեսային և հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էր, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին: Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա փեսան գալիս է, նրան դիմավորելու ելեք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվեք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացեք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցեք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բաց արա»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Արթուն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մատթ. ԻԵ 1-13):
Հատված առակի մեկնությունից
Հետո եկան մյուս կույսերն ու ասացին. «Տե՛ր, Տե՛ր, բաց արա»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. ԻԵ 12):
Սա է այս առակի նպատակակետը, որը Տերն այսպես է կարգում: Կամ՝ այնպես կպատահի, ինչպես նրանց հետ, ովքեր ասում էին. «Չէ՞ որ Քո անունով հրաշքներ գործեցինք ու դևեր հանեցինք, և մեր հրապարակներում ուսուցանեցիր», որոնց ասաց. «Չգիտեմ ձեզ», և ինձ թվում է` ինչ որ այստեղ կատարվում է, այնտեղ պատկեր ու ձև է ստանում, և քանի որ սրանք ողորմության գործեր չունեին, ուստի ողորմության չարժանացան: Կամ էլ, ինչպես ասացինք, իրենց գործերն ու աշխատանքը ծախեցին մարդկանց գովեստների դիմաց, և թեպետ Սուրբ Գիրքը բազում անգամ հորդորում էր ողորմություն գործել և միշտ քարոզում էր. «Տերը ցրում է մարդահաճոների ոսկորները» (Սաղմ. ԾԲ 6), և` «Մի՛ արեք մարդկանց ցուցադրելու համար» (Մատթ. Զ 1), սակայն սրանք լսելով` նրանք հապաղում ու չէին հնազանդվում, այլ Աստծու ողորմածության վրա էին հույսը դնում և իրենց գործերին ապավինում, մինչ [Սուրբ] Գիրքն այդպիսի օրենք չգիտեր. ուստի երբ ընթացան այն կյանք, կրեցին այն նույնը, ինչ այստեղ գործեցին: (Հ. Ծործորեցի, Մեկնություն Մատթեոսի ավետարանի, Ս. Էջմիածին, 2010, էջ 247)
Ապրիլի 17, Ավագ հինգշաբթի
ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔԸ
«Եվ Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Ո՞ւր ես կամենում` պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»: Եվ Հիսուս նրանց ասաց. «Գնացեք քաղաք այսինչ անձի մոտ և նրան ասացեք․«Վարդապետն ասում է` իմ ժամանակը մոտեցել է, քեզ մոտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին»: Եվ աշակերտները արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը: Եվ երբ երեկո եղավ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել: Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»: Եվ նրանք խիստ տխրեցին. նրանցից յուրաքանչյուրն սկսեց ասել նրան. «Միթե ե՞ս եմ, Տեր»: Նա պատասխան տվեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց, նա է ինձ մատնելու: Մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես նրա մասին գրված է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնվի մարդու Որդին: Ավելի լավ կլիներ նրա համար, եթե այդ մարդը ծնված չլիներ»: Հուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթե ե՞ս եմ, Վարդապետ»: Նրան ասաց` Դու ասացիր (Մատթ. ԻԶ 17-25):
«Եվ մինչդեռ նա այսպես խոսում էր, ահա Հուդան` Տասներկուսից մեկը, եկավ ու նրա հետ` քահանայապետերի և ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ` սրերով ու մահակներով: Եվ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տվել ու ասել. «Ում հետ ես համբուրվեմ, նա է, նրան կբռնեք»: Եվ սա իսկույն մոտենալով Հիսուսին` ասաց. «Ողջո՜ւյն Վարդապետ», ու նրա հետ համբուրվեց: Իսկ Հիսուս նրան ասաց. «Ընկեր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ մոտենալով ձեռք բարձրացրին Հիսուսի վրա, ու նրան բռնեցին: Եվ ահա Հիսուսի հետ գտնվողներից մեկը ձեռքը երկարեց և իր սուրը հանեց ու հարվածեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեցպոկեց: Այն ժամանակ Հիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր տեղը, որովհետև ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն: Եվ կամ կարծո՞ւմ ես, թե չեմ կարող իմ Հորն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր: Էլ ինչպե՞ս պիտի կատարվեին Ս. Գրքերում գրվածները, թե` այսպես պետք է լինի» (Մատթ. ԻԶ 47-54):
Ապրիլի 18, Ավագ Ուրբաթ
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԹԱՂՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Երբ երեկո եղավ, եկավ Հովսեփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Հիսուսին աշակերտել էր: Սա Պիղատոսի մոտ գնալով` խնդրեց Հիսուսի մարմինը: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի: Եվ Հովսեփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտավով և դրեց նոր գերեզմանի մեջ, որ փորել էր տվել ժայռի մեջ: Եվ մի մեծ քար, որպես կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթ. ԻԷ 57-61):
Հայոց Եկեղեցու սովորույթներից է Ավագ Ուրբաթ օրը, ի հիշատակ վիմափոր նոր գերեզմանում Խաչյալ Փրկչի թաղման, ծաղիկներով ու մշտադալար ծառերի ոստերով Տերունի խորհրդանշական գերեզմանի պատրաստումը, որն Ավագ Ուրբաթ օրվա առավոտից մինչև Ավագ Շաբաթ օրվա կեսօր դրվում է եկեղեցու ատյանում՝ Ս. Խորանի առջև (Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Քրիստոս Աստծու խորհրդանշական գերեզմանը դրվում է Իջման Ս. Սեղանի առջև): Ծաղկահյուս գերեզմանի մեջ զետեղվում է սպիտակ կտավով փաթաթված խաչ՝ որպես պատանքված ու գերեզմանված Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանիշ (Մատթ. ԻԷ 59, Մարկ. ԺԵ 46, Ղուկ. ԻԳ 53, Հովհ. ԺԹ 40), իսկ գերեզմանին դրվում է երկու վառվող մոմ, որոնք խորհրդանշում են ավետարար սպիտակազգեստ հրեշտակներին:
Ավագ Ուրբաթ, երեկոյան ժամերգությունից հետո՝ նախատոնակին, ի հիշատակ մեր Տիրոջ թաղման, խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով եկեղեցուց դուրս է հանվում և «Պարգևատուն ամենեցուն» օրհնության շարականի երգեցողությամբ պտտեցվում տաճարի շուրջը: Դրանից հետո խորհրդանշական գերեզմանը կրկին բերվում է եկեղեցի և դրվում ատյանում, ապա եկեղեցական դասը երգում է «Խաչի Քո, Քրիստոս» երգը, համբուրում խորհրդանշական գերեզմանի վրա դրված Ս. Խաչն ու Ս. Ավետարանը:
Ավագ Շաբաթ օրվա կեսօրից հետո եկեղեցականները քակում են ծաղկահյուս խորհրդանշական գերեզմանը և հավատացյալներին բաժանում ծաղիկներն ու ոստերը, որոնք հավատացյալները տուն են տանում և Ծաղկազարդի տոնին օրհնված ուռենու ճյուղերի հետ պահում մինչև հաջորդ տարվա Ավագ Ուրբաթ օրը: