Ս. Հակոբոս առաքյալը Քրիստոսի 12 առաքյալներից մեկն է եղել։ Նա գալիլեացի ձկնորս Զեբեդեոսի որդին էր՝ Հովհաննես ավետարանչի ավագ եղբայրը: Ս. Հակոբոս առաքյալը Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ կազմել է Քրիստոսի մտերիմների շրջանակը: Տերը նրանց բացահայտել է Իր աստվածությունը Թաբոր լեռան վրա պայծառակերպվելիս, նրանք Քրիստոսի հետ էին Արիոսի աղջկան բժշկելիս, Գեթսեմանի այգում աղոթելիս։
Ս. Հակոբոս առաքյալը քարոզել է Իսպանիայում և երբ վերադարձել է Երուսաղեմ ու շատերին դեպի Քրիստոս առաջնորդել, Հերովդես Ագրիպպա (37-44 թթ.) թագավորի հրամանով սրով սպանվել է 44 թ.։ Ս. Հակոբոս Զեբեդյանը միակ առաքյալն է, որի նահատակությունը հիշատակված է Նոր Կտակարանում (Գործք ԺԲ 2)։
Ս. Հովհաննես առաքյալը Քրիստոսի 12 առաքյալներից մեկն է եղել։ Նախապես լինելով Հովհաննես Մկրտչի աշակերտներից և լսելով նրա խոսքերը Քրիստոսի մասին՝ հետևել է Նրան։ Նա արժանացել է Քրիստոսի առանձնակի սիրուն` կոչվելով «սիրելի աշակերտ»: Հիսուսի ձերբակալման գիշերը նա հավատարմորեն հետևել է իր Վարդապետի չարչարանքներին` ուղեկցելով նրան մինչև Գողգոթա: Խաչի վրա լինելով՝ Հիսուս Իր մորը հանձնել է Ս. Հովհաննես առաքյալին` ասելով. «Սա է քո մայրը», իսկ մորն ասել է. «Սա է քո որդին»:
Ս. Հովհաննես առաքյալը քարոզել է փոքրասիական քաղաքներում, հատկապես՝ Եփեսոսում և իր աքսորավայր Պատմոս կղզում։ Մահացել է Եփեսոսում, մոտ 100 թ.՝ գրեթե 90 տարեկանում: Նա 12 առաքյալներից միակն է, որ մահացել է իր մահով։ Գրել է 4-րդ Ավետարանը, որի համար կոչվում է Աստվածաբան։ Հեղինակն է նաև 3 ընդհանրական թղթերի և «Հովհաննես առաքյալի Հայտնություն» գրքի։