Ս. Ստեփանոս Նախավկան հանուն Քրիստոսի իր կյանքը զոհաբերած առաջին նահատակն է։ Երբ Երուսաղեմում բազմացել են Քրիստոսի հետևորդները, որոշ դժվարություններ են առաջացել ընդհանուր ճաշի սեղանների սպասավորության ժամանակ։ Ուստի 12 առաքյալներն ընտրել են 7 սարկավագի, որոնցից առաջինն ու ավագագույնը «հավատով ու Ս. Հոգով լցված» Ստեփանոսն էր, որը նաև խիզախորեն քարոզում էր Աստծու խոսքը և «ժողովրդի մեջ զարմանալի ու մեծամեծ նշաններ» գործում։ Հոգեպես կուրացած հրեաները, սակայն, «չէին կարողանում դեմ կանգնել այն իմաստությանը և Հոգուն, որով խոսում էր նա»։
Ի վերջո, Ս. Ստեփանոսին նախանձողները կարողացել են ամբաստանել նրան և կանգնեցնել ատյանի առջև։ Ս. Ստեփանոսն ընդարձակ խոսքով դիմել է հավաքվածներին և մարգարեների կանխասացությունների հիման վրա ներկայացրել, որ քրիստոնեական կրոնը ոչ թե իրենց հայրերի կրոնի մերժումն է, այլ՝ լրումն ու ամբողջացումը։ Նրա խոսքերը չլսելու համար ժողովականները բարձրաձայն աղաղակելով՝ փակել են իրենց ականջները և Ս. Ստեփանոսին քաղաքից դուրս են տարել ու քարկոծելով սպանել (Գործք ԶԷ)։
ՍՏԵՓԱՆՈՍԻ ՃԱՌԸ
«Եղբայրնե՛ր և հայրե՛ր, լսեցե՛ք ինձ. փառքի Աստվածը երևաց մեր հորը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, և նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. «Դո՛ւրս ել քո երկրից և քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցույց կտամ»: Այն ժամանակ Աբրահամը ելնելով քաղդեացիների երկրից՝ բնակվեց Խառանում. և նրա հոր մահից հետո այնտեղից Աստված փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակվում եք: Այստեղ նրան և ոչ մի ժառանգություն չտվեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացավ նրան այս տեղը տալ բնակության համար և իրենից հետո՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չուներ: Աստված այսպես խոսեց. «Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, և նրան ծառա պիտի դարձնեն ու չորս հարյուր տարի պիտի չարչարեն: Եվ այն ազգին, որին նրանք ծառա պիտի դառնան, ես պիտի դատեմ, և ասում է Աստված, և սրանից հետո պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում»: Եվ նրան թլփատության ուխտ տվեց, ու ապա նա ծնեց Իսահակին և թլփատեց նրան ութերորդ օրը. և Իսահակը՝ Հակոբին, Հակոբն էլ՝ տասներկու նա հապետներին: Եվ նահապետները, Հովսեփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարվի. բայց Աստված նրա հետ էր ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից. և նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի Փարավոն թագավորի առաջ. և նրան իշխան կարգեց եգիպտացիների և նրա ամբողջ տան վրա: Եվ սով եղավ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. և մեծ նեղություն կար, և մեր հայրերն ուտելիք չէին գտնում: Եվ Հակոբը, լսելով, թե Եգիպտոսում ուտելիք կա, նախ ուղարկեց մեր հայրերին, իսկ երկրորդ անգամ Հովսեփն իր եղբայրներին ծանոթություն տվեց իր մասին, և Փարավոնին հայտնի եղավ նրա ազգատոհմը: Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի: Եվ Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ և վախճանվեցին ինքը և մեր հայրերը:
Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սյուքեմում: Երբ մոտեցավ ավետյաց ժամանակը, որ Աստված խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց և բազմացավ, մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որ չէր ճանաչում Հովսեփին: Նա հնարքներ բանեցրեց ընդդեմ մեր ազգի և չարչարեց մեր հայրերին՝ նրանց զավակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն: Այդ ժամանակում ծնվեց նաև Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը մեծացավ երեք ամիս, և երբ նրան ընկեցիկ արեցին, Փարավոնի դուստրը նրան վերցրեց և մեծացրեց որպես իրեն որդեգիր: Մովսեսը եգիպտացիների ամբողջ իմաստությամբ կրթվեց և զորավոր էր իր խոսքերով և գործերով: Երբ նրա քառասուն տարին լրացավ, նրա սրտում ըն կավ իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ շրջելու միտքը: Եվ նա մի անիրավված իսրայելացու տեսնելով՝ զայրացավ և զրկվածի վրեժը լուծեց՝ եգիպտացուն սպանելով: Մտածում էր, թե իր եղբայրները կիմանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու. բայց նրանք չիմացան: Եվ հաջորդ օրը հանդիպեց երկու իսրայելացիների, երբ նրանք կռիվ էին անում, և նրանց ստիպեց խաղաղություն անել ու ասաց. «Ո՛վ մարդիկ, եղբայրներ եք, ինչո՞ւ եք միմյանց անիրավում»: Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. «Քեզ ո՞վ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա. մի՞թե ինձ էլ սպանել ես ուզում, ինչպես որ երեկ սպանեցիր եգիպտացուն»: Եվ այս խոսքերի վրա, Մովսեսը փախավ ու պանդուխտ եղավ Մադիամի երկրում, ուր ծնվեցին նրա երկու որդիները: Երբ քառասուն տարիներ անցան, Սինա լեռան անապատում նրան երևաց Տիրոջ հրեշտակը՝ մի մորենու կրակի բոցերի մեջ: Եվ Մովսեսն այս տեսնելով՝ զարմացավ տեսիլքի վրա, ու երբ նա մոտենում էր նայելու, հասավ Տիրոջ ձայնը. «Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»: Եվ Մովսեսը, զարհուրած, չէր համարձակվում նայել: Եվ Տերը նրան ասաց. «Քո ոտքերի կոշիկները հանի՛ր, որովհետև այն տեղը, որի վրա դու կանգնել ես, սուրբ հող է: Ես աչքովս տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը և իջա նրանց փրկելու: Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս»: Այն Մովսեսին, որին ուրացան և ասում էին՝ «Ո՞վ քեզ մեզ վրա իշխան և դատավոր կարգեց», նրա՛ն Աստված որպես իշխան և փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երևաց Մովսեսին մորենու մեջ: Նա՛ դուրս հանեց նրանց՝ նշաններ և զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում և Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարիներ: Ա՛յս Մովսեսն է, որ ասաց իսրայելացիներին. «Ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցեք»: Ա՛յս Մովսեսն է, որ անապատում հավաքված ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լերան վրա խոսեց նրա հետ և մեր հայրերի հետ. նա՛ է, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար:
Մեր հայրերը չուզեցին հնազանդվել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դեպի Եգիպտոս դարձան և Ահարոնին ասացին. «Մեզ համար աստվածներ կերտի՛ր, որ գնան մեր առաջից. որովհետև այն Մովսեսը, որ մեզ եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թե ինչ պատահեց նրան»: Եվ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. և իրենց ձեռքի գործերով էին ուրախանում: Ուրեմն, Աստված էլ երես դարձրեց և նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպես որ գրված էլ է մարգարեների գրքում. «Միթե անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագնե՞ր մատուցեցիք ինձ, Իսրայելի՛ տուն. այլ դուք վերցրիք Մողոքի վրանը և Հռեմփա աստծու աստղը և այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար. ահա ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի մյուս կողմը»:
Անապատում մեր հայրերի հետ էր վկայության խորանը. ինչպես նա, որ խոսեց Մովսեսի հետ, հրաման տվեց շինել այն ըստ այն օրինակի, որ ինքը տեսել էր: Եվ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Հեսուի հետ գրավեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից: Այսպես էր մինչև Դավթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտավ ու խնդրեց, որ Հակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի: Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. սակայն Բարձրյալը բնակվում է ոչ թե ձեռակերտ տաճարների մեջ, այլ, ինչպես մարգարեն է ասում. «Երկի՛նքն է իմ աթոռը, և երկիրը՝ պատվանդանն իմ ոտքերի: Ինչպիսի՞ տուն պիտի շինեիք ինձ, և ասում է Տերը, և կամ՝ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստյան համար. չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը»: Կամակորնե՛ր, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծու կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում եք. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ՝ դուք: Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին: Եվ սպանեցին նրանց, որոնք նախօրոք պատմեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրենքն ստացաք, բայց այն չպահեցիք» (Գործք Է 253):