Ս. Դավիթ մարգարեն հինկտակարանյան նշանավոր անձերից է: Նրա սերնդից էր Ս. Կույս Մարիամ Աստվածածինը, որը մարմնով ծնունդ տվեց Հիսուս Քրիստոսին: Դավիթը թագավոր էր, սաղմոսերգու, մարգարե և համարվում է Մեսիայի նախակերպար:
Ս.Դավիթ մարգարեի կյանքի և գործունեության մասին տեղեկություններ քաղում ենք Հին Կտակարանից: Նա Հեսսեի 8 որդիներից կրտսերն էր։ Հեսսեն՝ Հուդայի ցեղախմբերից մեկի առաջնորդը, ապրում էր Բեթղեհեմում, որտեղ և ծնվել է նրա որդի Դավիթը: Ըստ ընդունված ժամանակագրության` Դավիթ մարգարեն ծնվել է ն.Ք. 1085 թ., եղել է հովիվ: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին՝ նրան ասելով. «Դու հարձակվում ես գեղարդով և վահանով, իսկ ես քեզ վրա հարձակվում եմ Իսրայելի զորությունների Տիրոջ անունով»: Սավուղ թագավորի մահից հետո նա դարձել է Իսրայելի թագավոր՝ միավորելով հրեական տարածքները և մայրաքաղաք դարձնելով Երուսաղեմը:
Թագավորել է 40 տարի` ն. Ք. 1055-1015 թթ.:
Ս. Դավիթ մարգարեն գրել է Սաղմոսների գիրքը, որը պարունակում է նաև մարգարեություններ Փրկչի մասին:
Ս. Հակոբոս Տյառնեղբայրը Քրիստոսի 72 աշակերտներից է եղել։ Նա Տյառնեղբայր է կոչվել Ս. Մարիամի նշանածի՝ Ս. Հովսեփի որդին լինելու պատճառով, բայց առավելաբար՝ այն պատճառով, որ իբրև եղբայր էր ընդունել Հիսուսին։ Երբ Հովսեփը որոշել է որդիներին բաժանել իր հողը, ցանկացել է բաժին հատկացնել նաև Հիսուսին, սակայն որդիները չեն համաձայնել, բացի Հակոբոսից, որն իր բաժինը կիսել է Հիսուսի հետ։
Ս. Հակոբոս Տյառնեղբայրը պատանեկությունից ապրել է ճգնակյաց կյանքով, քիչ է քնել, հաճախ աղոթել։ Նրա բարեպաշտությունն ու վարքը տեսնելով՝ բոլորը նրան կոչել են Արդար։ Քահանայապետները նրան թույլ էին տալիս Սրբության Սրբոցում աղոթել, երբ նա կամենա, այն դեպքում, երբ իրենք այնտեղ կարող էին մտնել տարին մեկ անգամ։ Տիրոջ համբարձումից հետո առաքյալները Ս. Հակոբոս Տյառնեղբորն ընտրել են Երուսաղեմի եպիսկոպոս, և նա քարոզել է Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և աշխարհի Փրկչի։ Զատիկի օրը, երբ ժողովուրդը հավաքվել է Երուսաղեմում, քահանայապետը և օրենսգետները խաբեությամբ Ս. Հակոբոս Տյառնեղբորը Տաճարի տանիքի վրա են բարձրացրել՝ փորձելով համոզել, որ ժողովրդի առաջ հայտարարի, թե Քրիստոս Աստծո Որդին չէր։ Բայց նա ի լուր բոլորի հայտարարել է, որ «Քրիստոս կամավոր չարչարվեց, խաչվեց և գերեզման դրվեց և 3-րդ օրը հարություն առավ և նստած է Հոր Աջ կողմում ու գալու է դատելու ողջերին ու մեռածներին»։ Զայրացած քահանայապետը և նրա համախոհները Ս. Հակոբոսին տանիքից ցած են գցել։ Նահատակվել է 62 թ.։
Ս. Հակոբոս Տյառնեղբայրը կազմել է առաջին Պատարագամատույցը, որը հետագայում ժողովրդի տկարության պատճառով կրճատել են Ս. Բարսեղ Կեսարացին, այնուհետև՝ Ս. Հովհան Ոսկեբերանը։
Ս. Հակոբոս Տյառնեղբայրը հեղինակն է իր անունով Նոր Կտակարանում ներառված թղթի (նամակ-ուղերձի)։