Մծբինի հայրապետ Ս. Հակոբը Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր՝ պարթևական տոհմից: Նա պատանի հասակից ապրել է ճգնավորական կյանքով։ Իր սրբակենցաղ վարքով նմանվել է հրեշտակներին և արդարացիորեն կոչվել «մարմնավոր հրեշտակ»։ Հանապազօրյա ջերմեռանդ աղոթքների ու ճգնությունների դիմաց նա Աստծուց ստացել է մարգարեության և հրաշագործության շնորհներ։ Քրիստոսին քարոզել է Հյուսիսային Միջագետքում և Հայաստանում։ Ցանկանալով Նոյյան տապանից մասունք վերցնել՝ նա բարձրացել է Արարատ լեռը։ Լեռան ստորոտին հոգնել և քուն է մտել։ Երբ արթնացել է, գտել է տապանից պոկված փայտի խաչաձև մի կտոր, որը հրեշտակն էր դրել նրա գլխի տակ։ Տապանի այդ մասունքն այժմ պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։
Ձեռնադրվելով Հայոց Միջագետքում գտնվող Մծբին քաղաքի եպիսկոպոս՝ Ս. Հակոբը շատերին է դարձի բերել, հիմնել բազում եկեղեցիներ և դպրության օջախներ։
325 թ. նա մասնակցել է Նիկիայում գումարված Տիեզերական առաջին ժողովին։ Մահացել է 350 թ.։
Ս. Մարուգե ճգնավորը եղել է Հակոբ Մծբնեցու աշակերտը։ Քրիստոնեություն է քարոզել Ասորիքում և հայկական Միջագետքում։
Ս. Մելիտոսը՝ Անտիոքի եպիսկոպոսը, ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում։ 358 թ. դարձել է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, ապա 360 թ. գահա կալել է Անտիոքի Աթոռին։ Եղել է Բարսեղ Մեծի համախոհն ու ընկերը։ Գործուն մասնակցություն է ունեցել արիոսականների դեմ մղվող պայքարում, որի համար էլ արիոսականների սադրանքով երիցս դատապարտվել է աքսորի։
381 թ. Ս. Մելիտոսը Կ.Պոլսում նախագահել է Տիեզերական երկրորդ ժողովը և դեռ ժողովը չավարտված՝ վախճանվել է։