Քրիստոս Իր համբարձումից առաջ առաքյալներին պատվիրեց աստվածային վարդապետությունը քարոզել ամբողջ աշխարհում և բոլորին մկրտել Հոր և Որդու և Ս. Հոգու անունով։
Քրիստոսի 12 առաքյալներից Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը քարոզել և քրիստոնեություն են տարածել Հայաստանում, որտեղ և նահատակվել են Սանատրուկ թագավորի հրամանով՝ Ս. Թադեոսը 64 թ., Վասպուրականի Արտազ գավառում, Ս. Բարդուղիմեոսը՝ 66 թ., Մեծ Աղբակ գավառում։
Ս. Թադեոս առաքյալը եպիսկոպոսական աթոռ է հաստատել Արտազ գավառում, Ս. Բարդուղիմեոս առաքյալը՝ Գողթն գավառում։
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված լինելով՝ Հայ Եկեղեցին կոչվում է Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Ս. Եկեղեցի։
Թադեոս առաքյալն իր հետ Հայաստան է բերել Ս. Գեղարդը, որով խոցվել էր Քրիստոս և Տիրոջ օրհնած յուղը, որը շարունակաբար խառնվելով Ս. Մյուռոնին, փոխանցվում է սերնդից սերունդ։
Ս. Բարդուղիմեոս առաքյալը Հայաստան է բերել Տիրամոր պատկերը, որը զետեղել է Անձևացյաց գավառի Դարբնաց Քար կոչված վայրում` հիմնելով Հոգյաց վանք կուսանոցը։
Սուրբ առաքյալների գերեզմանների վրա կառուցվել են եկեղեցիներ և հիմնվել վանքեր. Ս. Թադեոս վանքը՝ Արտազ գավառում (այժմ Իրանի տարածքում է), Ս. Բարդուղիմեոս վանքը՝ Աղբակ գավառում (այժմ Թուրքիայի տարածքում է)։