Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը ծնվել է 361 թ., Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մանուկ հասակից սովորել է հունարեն, ասորերեն և պարսկերեն։ Խոսրով Գ թագավորի օրոք եղել է սկզբում զինվորական, ապա պաշտոնավարել արքունական դիվանում: Այնուհետև թողել է աշխարհիկ կյանքն ու նվիրվել հոգևոր առաքելության: 395 թ. քարոզչության է գնացել Գողթն գավառ: Այս գործունեության մեջ զգացել է հայ գրերի անհրաժեշտությունը, որի համար դիմել է Սահակ Պարթև կաթողիկոսի օգնությանը: Կաթողիկոսի հավանությամբ և Վռամշապուհ թագավորի (393-414 թթ.) արքունական հրովարտակով Վահրիճ իշխանն ուղարկվել է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտ` հայկական նշանագրերը բերելու, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը չեն բավարարում հայոց լեզվի ճշգրիտ արտահայտման համար: Այդժամ Ս. Սահակ կաթողիկոսի և արքայի հանձնարարությամբ Ս. Մեսրոպն իր մի քանի աշակերտների հետ մեկնել է Հայոց Միջագետք, եղել Ամիդ, Եդեսիա քաղաքներում՝ ջանալով ստեղծել հայերենին համապատասխան գիր: Աստծո օգնությամբ՝ Եդեսիայում 405 թ. Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետն ավարտել է հայկական գրի ստեղծումը և մեկնել է Սամոսատ, որտեղ Հռոփանոս անունով վայելչագրի հետ ավարտել է տառերի գծագրումը։
Վերադառնալով Հայաստան՝ Ս. Մաշտոց վարդապետը մեծ և արդյունավոր ջանքեր է գործադրել հայերեն լեզվով ուսուցման գործում՝ այն ծավալելով ինչպես Պարսկաստանի սահմաններում գտնվող հայկական տարածքներում, այնպես և՝ Բյուզանդական կայսրության։
Ս. Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին, Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում, որը դարեր ի վեր նվիրական ուխտատեղի է։
Ս. Եղիշեն ծնվել է 410-ական թթ.: Նա Սահակ-Մեսրոպյան դպրոցի կրտսեր աշակերտներից էր: Լինելով Վարդան զորավարի ատենադպիրը՝ շուրջ 458 թ. գրել է Վարդանանց պատերազմի պատմությունը: Գրել է նաև մեկնություններ, ճառեր, որոնցից են Ծննդոց գրքի, Հեսուի գրքի, Դատավորաց 4 գրքերի, Տերունական աղոթքի մեկնությունները, Տերունական տոներին նվիրված ճառերը, «Միանձանց խրատ»-ը՝ ուղղված վանականներին, որոնցում երևում են նրա աստվածաբանական իմացությունը և վարդապետական կարողությունները։
Վարդանանց պատերազմից հետո Ս. Եղիշեն ճգնական կյանք է վարել նախ՝ Մոկաց, ապա՝ Ռշտունյաց լեռներում, որտեղ կնքել է մահկանացուն՝ հավանաբար 470-475 թթ. միջակայքում:
Ս. Մովսես Խորենացին՝ անվանված Պատմահայր և Քերթողահայր, ծնվել է մոտ 410 թ., Տարոն գավառի Խորոնք գյուղում: 15-16 տարեկանում ուսանել է Վաղարշապատում, որտեղ դասավանդում էին Ս. Սահակ կաթողիկոսը և Ս. Մեսրոպ վարդապետը: Նրանց կրտսեր աշակերտներից է։ 432-434 թթ. շնորհաշատ և ուշիմ մյուս ուսանողների հետ ուղարկվել է Ալեքսանդրիա` բարձրագույն ուսում ստանալու: 56 տարի ուսանելուց հետո վերադարձել է հայրենիք, որտեղ արդեն վախճանվել էին նրա հոգևոր հայրերը` Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը, ինչին Մովսես Խորենացին անդրադարձել է իր «Ողբ»-ում:
Ս. Մովսես Խորենացին եղել է Բագրևանդի եպիսկոպոսը, գրել է դավանական, պատմական գործեր, շարականներ, զբաղվել է թարգմանություններով։ Նրա «Հայոց պատմություն»-ն առաջին փորձն է հայ ժողովրդի ամբողջական պատմության ներկայացման, որտեղ քննական մոտեցմամբ օգտագործված են հնագույն աղբյուրներ։ Հեղինակել է Հռիփսիմյանց պատմությունը և գրել նրանց նվիրված ներբող («Պատմութիւն Հռիփսիմեանց», «Ներբողեան Հռիփսիմեանց»), 100-ից ավելի հոգևոր երգեր, որոնցից են «Խորհուրդ մեծ եւ սքանչելի», «Ծագումն հրաշալի», «Ուրախացիր, Սրբուհի» հայտնի շարականները։ Հեղինակել է դավանական գործեր՝ «Թուղթ առ Սահակ Բագրատունի», «Ճառ Վարդավառի», «Գիրք Պիտոյից», Դիոնիսիոս Թրակացու քերականության մեկնությունը, թարգմանել է Գրիգոր Նյուսացու ճառերը, հեղինակն է «Աշխարհացույց»-ի բնագրի։ Մահացել է մոտ 485 թ.:
Ս. Դավիթ Անհաղթը կամ Ներգինացին ծնվել է մոտ 475 թ., Տարոնի Ներգին գյուղում։ Սովորել է Ալեքսանդրիայում` Օլիմպիոդորոս Կրտսերի փիլիսոփայական դպրոցում: Ուսումնառության տարիներին դրսևորած իր ձիրքերի և հրապարակային փիլիսոփայական վեճերում ունեցած հաղթանակների համար ստացել է Անհաղթ պատվանունը: Առաջացած տարիքում վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է գիտական և մանկավարժական գործունեությամբ, նպաստել Հայաստանում փիլիսոփայական գիտության կազմավորմանը։ Նա կարևոր դեր է ունեցել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման գործում:
Ս. Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից, անկասկած, նրան են պատկանում «Սահմանք իմաստասիրութեան» (կամ՝ «Գիրք սահմանաց»), «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտէլի» աշխատությունները, որոնցից առաջին երեքը գրվել են հունարեն, ապա՝ թարգմանվել հայերեն։ Գործերի հունարեն բնագրերի գոյության շնորհիվ Դավիթ Անհաղթը ծանոթ է եղել և ազդեցություն ունեցել նաև հայկական միջավայրից դուրս։
Շուրջ մեկ հազարամյակ նրա երկերը եղել են բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա, դասավանդվել են միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցներում և այսօր էլ արդիական են աստվածճանաչողության և արարչության ճանաչման սկզբունքների առումով։ Դավիթ Անհաղթը գրել է նաև հոգևոր երգեր,«Բարձրացուցէք զՏէր Աստուած մեր» սկզբնավորությամբ մեզ հասած ճառը։ Ենթադրվում է, որ մահացել է 6-րդ դարի կեսին։
Ս. Գրիգոր Նարեկացին Նարեկավանքի ճգնավոր էր, հայ մեծ բանաստեղծ, փիլիսոփա և երաժիշտ: Ծնվել է հավանաբար 947 թ., Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում: Եպիսկոպոս Խոսրով Անձևացու որդին էր: Մանուկ հասակից մեծացել և ուսում է առել իր մոր հորեղբոր` Անանիա Նարեկացու մոտ, Ռշտունյանց աշխարհի Նարեկ գյուղի համանուն վանքում: Գրիգոր Նարեկացուց մնացել են բազում գործեր` «Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնի» (977 թ.), գանձեր, տաղեր (30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» երկը, Կճավա վանքի վանահորն ուղղված թուղթը, որտեղ դատապարտում է թոնդրակյան աղանդը: Հայ և համաշխարհային գրականության մեջ մեծ ճանաչում ունի «Մատեան ողբերգութեան» երկը։ Ս. Գրիգոր Նարեկացին մահացել է 1003 թ. և թաղվել Նարեկա վանքում։
Ս. Ներսես Կլայեցին (Շնորհալի) ծնվել է մոտ 1102 թ., Ծոփք նահանգի Անձիտ գավառի Ծովք դղյակում: Նրա հայրը Պահլավունի իշխան Ապիրատն էր, մոր կողմից` Գրիգոր Մագիստրոսի թոռը: Ներսեսի և նրա եղբոր` Գրիգորի ուսման և դաստիարակության գործն իր վրա է վերցրել Գրիգոր Մագիստրոսի որդին` Գրիգոր Վկայասեր կաթողիկոսը (1066-1105 թթ.): Եղբայրներն իրենց ուսումնառությունն անցկացրել են Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: 1166 թ. Ս. Ներսես Շնորհալին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Ս. Ներսես Շնորհալին նշանավոր հայրապետ էր և բեղուն մատենագիր, որը ջանացել է դժվարին ժամանակներում հավատով ու քրիստոնեական կյանքով ամբողջական պահպանել իր հոտը։ Գրել է «Թուղթ ընդհանրական» գիրը՝ ուղղված ժողովրդի բոլոր դասերին, հայոց պատմությանը նվիրված «Վիպասանութիւն», «Ողբ Եդեսիոյ» պոեմները։ Հեղինակն է դավանաբանական «Յիսուս Որդի», «Բան հաւատոյ» չափածո երկերի, «Գիր խոստովանութեան հաւատոյ», «Սահմանք հաւատոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ», «Յաղագս աւանդութեանց Եկեղեցւոյ» գործերի, Մատթեոսի ավետարանի մեկնության։ Գրել է բազմաթիվ տաղեր, շարականներ, գանձեր, հանելուկներ, խրատներ։ Մահացել է 1173 թ. Հռոմկլայում: