Ս. Հռիփսիմյան կույսերը, Հայաստան գալով 3-րդ դարի վերջին, բնակություն են հաստատել Վանա լճից հարավարևելք ընկած Վարագ լեռան վրա: Ս. Հռիփսիմեն Վաղարշապատ գնալուց առաջ այնտեղ պահել է Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որը կրում էր պարանոցին: Դարեր անց՝ 653 թ., Թոդիկ ճգնավորին տեսիլքով ցույց է տրվել մասունքի տեղը: Իր աշակերտ Հովելի հետ աղոթելիս նա հանկարծ Վարագ լեռան վրա մի պայծառ լույս է տեսել` շրջապատված 12 լուսեղեն սյուներով: Լույսերը տեղաշարժվել և մտել են եկեղեցի ու կանգ առել Ս. Սեղանի վրա՝ 12 օր շարունակ տեսանելի լինելով նաև հեռավոր վայրերից: Շուտով հոգևորականների և աշխարհականների բազմություն է ժամանել` Ներսես Գ կաթողիկոսի (641-661 թթ.) և Ռշտունյաց Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետի գլխավորությամբ: Այն վայրում, որտեղ նախապես երևացել էին լուսե սյուները, կառուցել են մեծ եկեղեցի: Վերակառուցել են նաև այն եկեղեցին, որտեղ պահվում էր Խաչափայտի մասունքը: Այսպիսով հիմնվել է Վարագա Ս. Նշան վանքը:
Ներսես Կաթողիկոսը սահմանել է Վարագա Ս. Խաչի տոնը՝ օրը որոշելով սեպտեմբերի 28-ի մերձավոր կիրակին։ Այն տեղաշարժվում է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ի միջև:
Ս. Խաչի մասունքը (Ս. Նշան) մինչև 1021 թ. մնացել է Վարագա վանքում, որտեղից Սենեքերիմ Արծրունի թագավորը փոխադրել է Սեբաստիա: Սենեքերիմ թագավորի մահից հետո, իր կտակի համաձայն, Ս. Խաչը նորից տեղափոխվել է Վարագավանք, որտեղ մնացել է մինչև 1651 թ., երբ մասունքը գողացել են Խոշաբ բերդի բերդակալի հրոսակները՝ կողոպտելով վանքը։ 1655 թ. մասունքը փրկագնել են Վան քաղաքի բնակիչները։ Ս. Նշանը զետեղվել է Վանի գլխավոր Ս. Աստվածածին եկեղեցում։ Վանում Ս. Նշանը պահվել է մինչև Մեծ Եղեռնը: