Ս. Կույսի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը` օգոստոսի 12-18-ի միջև:
Ըստ ավանդության (Հակոբոսի նախաավետարանի և Հովհաննեսի պարականոն ավետարանի համաձայն)՝ երբ Ս. Կույսը մահացել է, առաքյալները նրա մարմինն ամփոփել են Գեթսեմանի պարտեզում փորված գերեզմանում: Բարդուղիմեոս առաքյալը ներկա չի եղել թաղմանը, և երբ օրեր անց մյուս առաքյալների հետ գերեզման է գնացել՝ հրաժեշտ տալու, գերեզմանաքարը վերցնելով՝ Ս.Կույսի մարմինն այնտեղ չեն գտել, այլ միայն՝ անուշաբույր պատանքը։
Եկեղեցու հայրերը, հիմնվելով այս ավանդության վրա, հաստատել են Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը` ընդունելով, որ նրա մարմինը փոխադրվել՝ վերափոխվել է երկինք:
Տոնը նախ նշվել է Երուսաղեմում, 5-րդ դարի սկզբին: Տոնակատարության կենտրոնն Աստվածածնին նվիրված այն տաճարն էր, որը գտնվում է Երուսաղեմից Բեթղեհեմ տանող ճանապարհի 3-րդ մղոնի վրա: 0րը` օգոստոսի 13-ը: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման՝ այն վայրը, որտեղ գտնվում էր Ս. Աստվածածնի գերեզմանը, և օրը որոշվել է օգոստոսի 15-ը:
6-րդ դարում տոնը տարածվել է Սիրիայում: Նույն դարի վերջին Մորիկ կայսրը տոնը պարտադիր է համարել ողջ Բյուզանդական կայսրությունում։ 6-րդ դարի սկզբին տոնը սկսել են նշել նաև Արևմուտքում: