Քրիստոս Իր հետ վերցնելով երեք աշակերտներին` Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, բարձրացել է Թաբոր լեռը՝ աղոթելու։ Այստեղ նրանց երևացել են Մովսես և Եղիա մարգարեները: Քրիստոս նրանց հետ խոսելիս այլակերպվել է. Նրա դեմքը փայլել է արեգակի նման, հագուստները դարձել են ձյունից ավելի սպիտակ: (Մատթ. ԺԷ 1-6, Մարկ. Թ 1-8, Ղուկ. Թ 28-36)։
Առաքյալների առջև Տիրոջ պայծառակերպությունն ի ցույց է դրել Նրա աստվածությունը, իսկ Մովսես և Եղիա մարգարեների հայտնվելը, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսը՝ ողջ լինելով՝ երկինք էր տարվել, վկայում են, որ Քրիստոս տերն է երկրի և երկնքի։
Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Ժողովրդի մեջ այն կոչվում է նաև Վարդավառ։ Տոնի հետ կապված պահպանվել է հնագույն սովորությունը միմյանց վրա ջուր լցնելու, աղավնի թռցնելու, որոնց տրվել է քրիստոնեական իմաստ` դիտելով դրանք որպես հիշողություններ Նոյ նահապետի օրոք ջրհեղեղի և Նոյյան աղավու պատմությունների: