Ս. Տրդատը (Տրդատ Գ Մեծ) թագավորել է Հայաստանում 287-330 թթ.։ Նա Խոսրով Մեծի որդին էր՝ Արշակունի տոհմից: Հոր սպանությունից և պարսից զորքերի կողմից Հայաստանը գրավելուց հետո մեծացել և զինվորական կրթություն է ստացել Հռոմեական կայսրությունում։ Եղել է հաղթահասակ և չափազանց ուժեղ։ Քաջաբար մասնակցել է պարսից Շապուհ Ա (242-273 թթ.) թագավորի դեմ հռոմեական մի քանի կայսրերի մղած պատերազմներին։ Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ.) հռոմեական զորքի հետ 287 թ. մտել է Հայաստան, որն ամբողջությամբ ազատագրվել է 298 թ., երբ Մծբինի դաշնագրով պարսից կողմը նույնպես Տրդատ Գ-ին ճանաչել է հայոց թագավոր։ Նա ամուսնացել է ալանների արքայադստեր`Աշխենի հետ:
Ս. Տրդատ Գ հայոց արքան Ս. Գրիգոր Լուսավորչի միջոցով ճանաչելով և ընդունելով քրիստոնեական հավատը՝ հայ նախարարների հետ 301 թ. Հայաստանում քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն՝ ազատագրված հայոց երկրին պարգևելով նաև Աստծո փրկության շնորհի հույսը և հոգևոր ճանաչողության լույսն ու ուրախությունը։
Ս. Տրդատ թագավորը, Ս. Աշխեն թագուհին և Ս. Խոսրովիդուխտ թագավորաքույրը մեծապես օգնել են Ս. Գրիգոր Լուսավորչին Հայաստանում քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու գործում՝ իրենք լինելով բարեպաշտ կյանքի օրինակ: Նրանք մասնակցել են նահատակ կույսերի վկայարանների և Ս. Էջմիածնի Մայր Տաճարի շինարարությանը:
Արիաբար պաշտպանելով իր երկիրը տարբեր հարձակումներից և ապահովելով Հայաստանի խաղաղությունը՝ Ս. Տրդատ թագավորը մահացել է 330 թ.։ Նրա մարմինն ամփոփվել է Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց գավառի Թորդան ավանում, որը Ս. Գրիգոր Լուսավորչի կալվածն էր։ Գերեզմանին կառուցվել է մատուռ-եկեղեցի։ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները գտնելուց հետո ամփոփվել են նաև դրանք։ Այստեղ են հանգչում նաև Ս. Լուսավորչի որդի Ս. Վրթանես և թոռ Ս. Հուսիկ կաթողիկոսները։ Միջնադարում տեղը հայտնի է եղել «Ինը սրբոց գերեզմանք» անունով՝ հետագա դարերում այդտեղ այլ սրբեր ամփոփված լինելու պատճառով։