Ս. Սահակ Պարթև կաթողիկոսը (387-439 թթ.) Ներսես Մեծ կաթողիկոսի (353-373 թթ.) որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը: Ծնվել է 348 թ., նախնական կրթությունը ստացել է Հայաստանում, ապա ուսանել Կեսարիայում ու Կ. Պոլսում` կատարելապես հմտանալով Ս. Գրքի իմացության, երաժշտական արվեստի, հռետորական ատենաբանության, իմաստասիրության, նաև` հունարեն և ասորերեն լեզուների մեջ, որոնց տիրապետում էր մանկուց։ Կատարյալ տիրապետել է նաև պարսկերենին։ Նա իրեն նվիրել է ճգնությունների ու աղոթքի, իր ուսումնատենչ ու կրոնավոր 60 աշակերտների հետ շրջել է Հայաստանի գավառներով, ծավալել քարոզչական գործունեություն:
387 թ. հայոց Խոսրով Գ արքայի (385-388 թթ.) կամքով Ս. Սահակը բարձրացել է հայոց հայրապետական գահին: Ս. Սահակ հայրապետն իրավամբ կոչվել է «մտքերի լուսավորիչ», քանի որ նա իր 52-ամյա հայրապետական գործունեությամբ Ս. Մեսրոպ Մաշտոցի հետ անձանձիր նվիրումով լծվել է Հայ Եկեղեցու պայծառացման և իր հավատավոր հոտի լուսավորության առաքելությանը: Նրան և Ս. Մաշտոցին ենք պարտական հայերեն գրի և դպրության հաստատման, Աստվածաշնչի հայերեն թարգմանության համար, որը կոչվել է թարգմանությունների թագուհի: Նրանց ենք պարտական հայ թարգմանական և ինքնուրույն գրականության սկզբնավորման և հայ մշակույթի Ոսկեդարի համար։
Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը ծնվել է 361 թ., Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մանուկ հասակից սովորել է հունարեն, ասորերեն և պարսկերեն։ Խոսրով Գ թագավորի օրոք եղել է սկզբում զինվորական, ապա պաշտոնավարել արքունական դիվանում: Այնուհետև թողել է աշխարհիկ կյանքն ու նվիրվել հոգևոր առաքելության: 395 թ. գնացել է Գողթն գավառ` քարոզչության: Այս գործունեության ընթացքում էլ զգացել է հայ գրերի անհրաժեշտությունը, որի համար դիմել է Սահակ կաթողիկոսի օգնությանը: Կաթողիկոսի հավանությամբ և Վռամշապուհ թագավորի (393-414 թթ.) արքունական հրովարտակով Վահրիճ իշխանն ուղարկվել է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտ` հայկական նշանագրերը բերելու, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը չեն բավարարում հայոց լեզվի ճշգրիտ արտահայտմանը: Այդժամ Ս. Սահակ կաթողիկոսի և արքայի հանձնարարությամբ Ս. Մեսրոպն իր մի քանի աշակերտների հետ մեկնել է Հայոց Միջագետք, եղել Ամիդ, Եդեսիա քաղաքներում՝ ջանալով ստեղծել հայերենին համապատասխան գիր: Աստծո օգնությամբ՝ 405 թ. Եդեսիայում Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետն ավարտել է հայկական գրի ստեղծումը և մեկնել է Սամոսատ, որտեղ Հռոփանոս անունով վայելչագրի հետ ավարտել է տառերի գծագրումը։
Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». «ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը» (Առակ. Ա 2):
Ս. Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է 440 թ. փետրվարի 17-ին, Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում, որը դարեր ի վեր նվիրական ուխտատեղի է։