Հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորիչը (302-325 թթ.) կյանքի վերջին տարիներն անցկացրել է առանձնության մեջ` Սեպուհ լեռան Մանյա այրում, որտեղ խաղաղությամբ ավանդել է հոգին ի Տեր:
Ավանդության համաձայն՝ հովիվները, պատահաբար մտնելով Հայոց Հայրապետի ճգնարանը, գտել են նրա անշնչացած մարմինը և չիմանալով ով լինելը՝ ծածկել են քարակույտի տակ: Ս. Գրիգոր Լուսավորչի աշակերտներից Գառնիկ Բասենցուն տեսիլքով հայտնվել է նշխարների տեղը։ Ս. Հայրապետի նշխարները տեղափոխվել ու ամփոփվել են Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառի Թորդան գյուղում:
Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարներից որոշ մասեր տարվել են ժամանակի մայրաքաղաք Վաղարշապատ և այլ վայրեր, մինչև անգամ Բյուզանդիա և Իտալիա: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորչի աջ ձեռքի մասունքը պահվել է արծաթյա ոսկեջրած մասունքարանում, որը (Լուսավորչի Աջը) Հայրապետական իշխանության խորհրդանիշն է և պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. այն Սրբալույս Մյուռոնի օրհնության գլխավոր սրբություններից մեկն է։
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օր