Ս. Ղևոնդյան քահանաներ անվան տակ ճանաչվում են այն հոգևորականները, որոնք Վարդանանց պատերազմից հետո պարսից Հազկերտ Բ (439457 թթ.) թագավորի հրամանով ձերբակալվել են և տարվել սկզբում՝ Պարսկաստանի Վրկան, հետո՝ Ապար աշխարհ՝ դաժան պայմաններում պահվելով Նյուշապուհ քաղաքի բանտում: Այնտեղ նրանց բազմիցս առաջարկել են ընդունել մազդեզական կրակապաշտ կրոնը` իրենց կյանքը փրկելու համար: Ղևոնդյանք կտրականապես մերժել են այդ առաջարկը՝ հավատարիմ մնալով քրիստոնեական ճշմարիտ հավատին և Քրիստոսով փրկության ու հավիտենական կյանքի հույսին։
454 թ. երբ քուշանների դեմ մղած մարտերում պարսիկները մեծ պարտություն են կրել, մոգերը դրանում մեղավոր են հայտարարել հայ հոգևորականներին՝ իբր քանի դեռ նրանք ողջ են, աստվածները բարի չեն լինի իրենց հանդեպ։ Հազկերտ Բ թագավորի հրամանով Ս. Ղևոնդյանց տանջանքների մատնելով՝ նահատակել են։
Պատմությունը հիշում է Ս. Ղևոնդյանց անունները՝ Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երեց, Մուշե, Սամուել, Արշեն երեցներ, Աբրահամ և Քաջաջ սարկավագներ։ Առանձին նահատակվել է Թաթիկ ծերունի եպիսկոպոսը, ով աքսորվել էր Սուզիստան։
Նրանց հետ են եղել նաև Աբրահամ և Խորեն երեցները, որոնց աքսորել են: Որոշ ժամանակ անց չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակին՝ Խորեն երեցը մահացել է: Աբրահամ երեցը հետագայում թույլտվություն է ստացել հայրենիք վերադառնալու։ Հայաստանում նա ձեռնադրվել է Բզնունիք գավառի եպիսկոպոս: Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերեն թարգմանությունը: