Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից տոնը Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: 301 թ. Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը:
Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց նահատակությունից հետո Հայոց Տրդատ Գ Մեծ արքան և պալատականները հանկարծ հիվանդացել են։ Մոլագարությամբ բռնված արքան թողել է պալատը, վարազի նման շրջել շամբուտներում։ Արքայի քույրը երազում լսել է, որ եղբոր հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: 13-ամյա բանտարկությունից հետո Ս. Գրիգորն ազատ է արձակվել: Նրա աղոթքներով ապաքինվել է Տրդատ արքան և դարձել Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Քրիստոնեությունը հռչակվել է Հայաստանի պետական կրոն:
Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսել. երկնքից լույսերի շիթեր են իջել, սկզբում՝ կույսերի նահատակության երեք տեղում, հետո՝ Միածինը՝ ողողված լույսով, իջել է երկնքից և ոսկե ուռով (մուր ճով) հարվածել ու ավերել է Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, որտեղ պետք է կառուցվեր հայոց հավատի Սուրբ Տաճարը: Այստեղից առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմել է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվել է Սուրբ Էջմիածնի՝ Ս. Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում կառուցվել է Իջման Սուրբ Սեղանը: Մայր Տաճարի, ինչպես և նահատակ կույսերի վկայարանների կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը, Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտ արքայաքույրը։