Ս. Գրիգոր Լուսավորիչը 302 թ. Կեսարիայում ձեռնադրվելով Հայոց հայրապետ՝ իր հետ Հայաստան է բերել Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինես եպիսկոպոսի մասունքները: Տարոնի Աշտիշատ ավանում նա կործանել է Վահագնի, Անահիտի և ԱստղիկԱփրոդիտեի մեհյանները, Իննակնյա կոչված վայրում ամփոփել սրբերի մասունքների մի մասը և դրանց վրա կառուցել վկայարան` պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ` Ս. Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինեսի հիշատակը տոնելու համար:
Աշտիշատից Վաղարշապատ ուղևորվելիս Ս. Լուսավորիչը կանգ է առել Բագավանում, Արածանի գետի ափին, որտեղ նրան և նրա հետ եղող նախարարներին դիմավորել է հայոց Տրդատ Գ Մեծ թագավորը` իր արքունիքով: Ս. Գրիգոր Լուսավորիչն այստեղ՝ Արածանիի ջրերում, մկրտել է հայոց արքունիքին, զորքին, ժողովրդին։ Հայոց հայրապետն այստեղ նույնպես ամփոփել է Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեսի մասունքներից և դրանց վրա Ս. Սեղան հիմնել, Ս. Պատարագ մատուցել և պատվիրել, որ ամեն տարի Նավասարդի առաջին օրը, երբ տոնվում էր Ամանորի չաստծու` հյուրընկալ Վանատուրի տոնը, հետայդու տոնեն Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեսի հիշատակները: Սրբերի մասունքների վրա կառուցվել է Ս. Հովհաննես եկեղեցին։