Ս. Հռիփսիմյանք հռոմեացի կույսեր էին, որոնք Գայանե մայրապետի գլխավորությամբ ապրում էին Հռոմի Ս. Պողոս կուսանոցում։ Փախչելով Դիոկղետիանոս կայսեր (284-305 թթ.) հալածանքներից՝ նրանք գնացել են Արևելք, երկրպագել Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցել Հայաստան ու հաստատվել Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Այստեղ նրանք ապրել են ճգնակեցությամբ, իրենց աշխատանքով։ Կույսերից մեկը գիտեր ինչպես ապակի ստանալ, և նրանք հուլունքներ են պատրաստել ու վաճառել։ Հայոց Տրդատ Գ արքան (287-330 թթ.), հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկացել է կնության վերցնել նրան, սակայն մերժվելով` հրամայել է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել, որը տեղի է ունեցել Վաղարշապատում 301 թ., Ս. Գրիգոր Լուսավորչի` Վիրապից ելնելուց մի քանի օր առաջ։ Ս. Հռիփսիմեն 32 ընկերուհիների հետ նահատակվել է քաղաքի հյուսիսարևելյան կողմում, Ս. Գայանե մայրապետը` երկու ընկերուհիների հետ` հարավային կողմում, իսկ կույսերից մեկը՝ Ս. Մարիանեն, որը հիվանդ էր և չէր կարողացել փախչել, հնձանում:
Այս պատմությունը մեզ է ավանդում պատմիչ Ագաթանգեղոսը։
Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է կույսերի նշխարները նրանց նահատակության վայրերում և գերեզմանների վրա կառուցել երեք փայտաշեն վկայարան, որոնք հետագա դարերում փոխարինվել են քարակերտ եկեղեցիներով։