«Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեն գնացին Գաղգաղա: Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»: Եղիսեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի»: Երբ նրանք եկան Բեթել, Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է»: Նա ասաց. «Գիտեմ, լուռ մնացեք»: Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստեղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում»: Եղիսեն ասաց. «Քանի կենդանի է Տերը և կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի»: Երբ նրանք եկան Երիքով, այնտեղ գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը քո մոտից տանելու է»: Նա ասաց. «Գիտեմ. լուռ մնացեք»: Եղիան ասաց նրան. «Դու այստեղ նստիր, քանզի Տերը ինձ Հորդանան է ուղարկում»: Եղիսեն ասաց. «Քանի կենդանի է Տերը, և քանի կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի»:
Եվ նրանք երկուսով գնացին: Մարգարեների որդիներից հիսուն հոգի գնաց և կանգնեց հեռվում, Եղիայի և Եղիսեի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Հորդանանի եզերքին: Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, և երկուսով անցան, Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրիր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ քեզնից չեմ բաժանվել»: Եղիսեն ասաց. «Թող քո հոգու կրկնապատիկն ինձ վրա լինի»: Եղիան ասաց. «Դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից համբառնալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ` թող չլինի»: Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան մրրիկի մեջ երկինք վերացավ» (Դ Թագ. Բ 1-11):