Քրիստոս Իր հարության 40-րդ օրը երկինք համբարձվելիս Իր աշակերտներին պատվիրեց, որ նրանք Երուսաղեմում նստեն և սպասեն խոստացված զորությանը, որպեսզի ողջ աշխարհում Տիրոջ վկաները լինեն և բոլորին բարի լուրն ավետեն:
Աստվածորդու համբարձումից հետո առաքյալները և Քրիստոսի մյուս հետևորդները հավաքվեցին Վերնատանը, և «բոլորը միասիրտ, հարատևորեն աղոթքի մեջ էին» (Գործք Ա 14):
Ս. Հոգու շնորհաբաշխ էջքը տեղի ունեցավ հրեական Պենտեկոստեի (բառացի նշանակում է 50 օր) տոնի օրը. «Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման, և լցրեց ամբողջ այն տունը, որտեղ [առաքյալներն ու Քրիստոսի մյուս հետևորդները] նստած էին... Եվ բոլորը լցվեցին Ս. Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով» (Գործք Բ 2-4):
Վերնատանը տեղի ունեցած հրաշքը մեծ հիացում ու զարմանք պատճառեց Երուսաղեմում գտնվող այլազգիներին ու հրեաներին: Նրանցից ոմանք նույնիսկ կարծում էին, թե առաքյալները և նրանց հետ եղողները հարբած են: Սակայն «սրանք հարբած չեն, ... քանի որ դեռ առավոտյան ժամը ինն է, այլ այս այն է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով. «Եվ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, ասում է Աստված, որ Իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա» (Գործք Բ 1517):