«Ապա նրանց տարավ հանեց մինչև Բեթանիա և, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եվ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանվեց նրանցից և դեպի երկինք էր վերանում: Իսկ նրանք երկրպագեցին Հիսուսին և մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ: Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն» (Ղուկ. ԻԴ 50-53):
Ս. Հարության տոնից 40 օր հետո` հինգշաբթի օրը, մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի համբարձման տոնն է, որը եզրափակում է Քրիստոսի երկրավոր առաքելության և ավետարանական պատմության շրջանը:
«Համբարձում» նշանակում է բարձրացում։ Համբարձման տոնը հարուցյալ Հիսուս Քրիստոսի` մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է:
Քրիստոսի համբարձման պատմությունը շարադրված է Նոր Կտակարանում (Մարկ. ԺԶ 19-20, Ղուկ. ԻԴ 50-53, Գործք Ա 9-11): Ս. Հարության մեծ և պատմական դեպքից անցել էր քառասուն օր, որի ընթացքում հարուցյալ Տերը բազմիցս երևաց Իր վշտաբեկ և հուսահատ աշակերտներին` նրանց վերահաստատելով իրենց հավատի և առաքելական կոչման մեջ: «Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով` քառասուն օրերի ընթացքում խոսելով Աստծու արքայության մասին» (Գործք Ա 3-4): Հարուցյալ Քրիստոս այդ 40 օրերի ընթացքում չդադարեց քարոզելուց։ Երևալով Իր աշակերտներին, մորը և յուղաբեր կանանց՝ Նա միշտ խոսում էր Երկնքի արքայության մասին, հուսադրում, քաջալերում ու մխիթարում, որպեսզի Իր` երկինք գնալու պատճառով չտրտմեն: Հիսուս նրանց մեջ սերմանեց նաև համբերություն և արիություն. համբերություն` հույսով սպասելու Նրա` նախապես տված խոստման իրագործմանը. «Եթե Ես գնամ, ձեզ համար տեղ կպատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի ուր Ես եմ, այնտեղ նաև դուք լինեք» (Հովհ. ԺԴ 3), և արիություն` ընդդեմ գալիք փորձությունների, որպեսզի կարողանան աներկյուղ քարոզել Ավետարանը։
Նրա քառասնօրյա երևումները և անկասկածելի ներկայությունն առաքյալների մտքում ու գիտակցության մեջ հաստատեցին, որ անհավատալին իրականացել է, և խաչի ու մահվան մթությանը հաջորդել է հարուցյալ կյանքի և հավիտենության լույսը։