«Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով` մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը` սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան: Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց. «Դուք մի վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր. եկեք, տեսեք այն տեղը, ուր պառկած էր: Եվ իսկույն գնացեք, ասացեք նրա աշակերտներին, թե հարություն առավ, և ահա ձեզնից առաջ գնում էր Գալիլիա. այնտեղ նրան կտեսնեք: Ահա ասացի ձեզ»: Եվ իսկույն ահով և մեծ ուրախությամբ գերեզմանից դուրս ելնելով` վազեցին աշակերտներին պատմելու:
Եվ հանկարծ Հիսուս նրանց դիմացը ելավ ու ասաց` ողջույն ձեզ, և նրանք մոտենալով նրա ոտքերին փարվեցին ու երկրպագեցին նրան: Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացե՛ք, ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա և այնտեղ ինձ տեսնեն»:
Երբ նրանք գնացին, ահա զինվորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր: Եվ նրանք ծերերի հետ միասին հավաքվելով` խորհուրդ արեցին, շատ դրամ տվեցին զինվորներին ու ասացին. «Կասեք, թե նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մեջ էինք: Եվ եթե այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք և ձեզ հոգսից կազատենք»: Եվ նրանք դրամն առնելով` արեցին այնպես, ինչպես որ իրենց սովորեցրել էին: Եվ այս զրույցը տարածված է հրեաների մեջ մինչև այսօր (Մատթ. ԻԸ 1-15 ):
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ