«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ` Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»: Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր` Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդու չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Ս. Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի: Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և այս հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված, որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»: Եվ Մարիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»: Եվ հրեշտակը հեռացավ նրանից»։ (Ղուկ. Ա 26-38)