«Նրա ձեռքերը հետևը կապել տվեց, իսկ բերանին բերանակապ դնել տվեց, նրա մեջքի վրա աղի մեծ կտոր կախել տվեց, կրծքին գելարան կապեցին և գելարանի կապերից պարաններ գցելով՝ կապեցին ու մեքենաներով ապարանքի տանիքի բարձր տեղից կախեցին: Այսպես պրկված՝ կապված մնաց 7 օր: Սրանից հետո հրամայեց մեկ ոտքից գլխիվայր կախել նրան և կախված վիճակում տակից աղբ ծխել ու դալար ճիպոտներով սաստիկ գանակոծել: Տասը մարդ տանջեցին նրան, և այդպես 7 օր կախված մնաց: Այնուհետև արքան հրամայեց բերել փայտի կոճղեր և դնել ըստ ոտքի սրունքների ոսկորների և բարակ պարաններով ուժգին պրկել, մինչև որ արյունը նրա ոտքի մատների ծայրից ցայտեր: Հետո հրաման տվեց բերել երկաթե բևեռներ, գամել ոտքի ներբաններին և, այս ու այն կողմից բռնելով նրա ձեռքերից, քայլեցնել այս ու այն կողմ: Արյունը հոսում էր, իջնում նրա ոտքերից և հույժ առատորեն ոռոգում գետինը: Հետո հրամայեց բերել աղ, բորակ ու թունդ քացախ և նրան գցել երեսն ի վեր, գլուխը հյուսնի մամուլի մեջ պրկել, քթին եղեգի խողովակ դնել և դրանք քթի մեջ լցնել: Դրա նից հետո հրամայեց, և բերեցին կաշվե մեծամեծ պարկեր, լցրին հնոցի մոխրով և մի քիչ թույլ թողեցին, որ լրիվ չլցվի, ու շունչ առնելու հնարավորություն լինի, և ուղեղից ներս անցնելով՝ չարչարի նրան: Այն նրա գլխին հագցրին, պարկի բերանը վզին կապեցին, և 6 օր այդպես մնաց: Հետո թագավորը զայրացած հրամայեց նրա ոտքերը կապել տիկերի փոկերին, գլխիվայր կախել, ձագար դնել նրա նստատեղին և տիկով ջուր լցնել նրա որովայնը: Հրամայեց նրա կողերը քերել երկաթե քերիչներով, մինչև որ նրա արյունով ամեն ինչ ոռոգվեց, այնուհետև բերեցին երկաթե տատասկ` բազում սակառներով, ու խիտ փռեցին գետնին, մերկացրին Գրիգորին և մերկ գցեցին տատասկի վրա: Նրա մարմինը ծակոտվեց ամբողջովին, քաշեցին ու թաղեցին տատասկների մեջ և նրան այնտեղ շրջեցին, մինչև որ ծակծկվեցին նրա մարմնի բոլոր մասերը, ու նրա վրա ողջ տեղ չմնաց: Հետո հրաման տվեց նրա ծնկներին երկաթե կապիճներ հագցնել, մեծ կռաններով հարվածել և կախաղան բարձրացնել, մինչև որ նրա ծնկները հոշոտվեն: Այսպես կախված մնաց 3 օր: Հետո հրաման տվեց երկաթե պուտուկների մեջ կապար հալեցնել, և մինչդեռ տաք վիճակում էր, ջրի նման թափել նրա մարմնին: Այրեցին նրա մարմինն ամբողջովին, և չմեռավ, այլ մեծ ուժով մնում էր, և ինչ որ հարցնում էին, անմիջապես պատասխան էր տալիս: Հետո Տրդատը հրաման տվեց կապել ոտքերը, ձեռքերն ու պարանոցը, և տարան նրան Այրարատ գավառը, հանձնեցին Արտաշատ քաղաքի բերդի դղյակը և իջեցրին ներքին վիրապը, որի խորությունից դուրս գալ անհնարին էր, որպեսզի իսկույն մեռներ: Այս վիրապում նա մնաց 13 տարի»:
(Ագաթանգեղոս պատմիչ)