Ս. Վարդանանք անունով են ճանաչվում այն բոլոր նահատակները, որոնք իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում 451 թ. ` հանուն հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեության: Ընդդիմանալով պարսից Հազկերտ Բ թագավորի ճնշումներին և հատկապես՝ հրամանին, որը պահանջում էր իր ենթակայության տակ գտնվող քրիստոնյա ժողովուրդներին հավատափոխ լինել՝ Հայաստանում ապստամբություն բռնկվեց, որի արդյունքում հայ ժողովուրդը պահպանեց իր քրիստոնեական հավատը, մայրենի լեզուն ու գիրը, ազգային ինքնությունն ու մշակույթը։
Ավարայրը քրիստոնյա աշխարհի թերևս առաջին ռազմական բախումն էր ոչ քրիստոնյա աշխարհի հետ, որտեղ բախվում էին լույսի և խավարի, կյանքի և մահվան, հավատի և հավատուրացության, հայրենիքի ազատության ու ստրկացման իրարամերժ գաղափարները, որտեղ մեկ անգամ ևս հաստատվում էր գիտակցված մահով ապրելու ճշմարտությունը:
Հայ Եկեղեցին երախտագիտությամբ սրբացրել է Ավարայրի 1036 նահատակներին` Վարդան զորավարի գլխավորությամբ:
Ցավոք, պատմությունը չի պահել նրանց բոլորի անունները: Հայտնի է միայն 9 իշխանի անուն.
- Քաջ Վարդան Մամիկոնյան` 133 յուրայիններով,
- Կորովի Խորեն Խոռխոռունի` 19 յուրայիններով,
- Արի Արտակ Պալունի` 57 յուրայիններով,
- Զարմանալի Տաճատ Գնթունի` 19 յուրայիններով,
- Իմաստուն Հմայակ Դիմաքսյան` 22 յուրայիններով,
- Հրաշակերտ Ներսես Քաջբերունի` 7 յուրայիններով,
- Մանուկ Վահան Գնունի` 3 յուրայիններով,
- Արդար Արսեն Ընծայոց` 7 յուրայիններով,
- Առաջադեմ Գարեգին Սրվանձտյանց` 2 հարազատներով և 18 յուրայիններով։
Նորին Սուրբ Օծություն
Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոն
Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագից հետո կատարվում է
Հայրապետական Մաղթանք: