Ս. Սարգիսը հռոմեացի զորավար էր, որը Կոստանդիանոս Մեծի (306-337 թթ.) կողմից կարգվել էր Հայաստանին հարակից Կապադովկիայի կառավարիչ և ստրատելատ։ Լինելով քրիստոնյա՝ նա քարոզել է Ավետարանը և կործանել մեհյաններն ու կուռքերը։ Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք (360-363 թթ.) Սարգիս զորավարը ստիպված է եղել հեռանալ Հռոմեական կայսրությունից։ Նա իր Մարտիրոս որդու հետ սկզբում ապաստան է գտել Հայաստանում, որը, սակայն, դաշնակից էր Հռոմին, և Հուլիանոս Ուրացողն այստեղ նույնպես կարող էր նրան հետապնդել։ Հայոց թագավորի խորհրդով Ս. Սարգիսը տեղափոխվել է Պարսկաստան՝ զինվորական ծառայության անցնելով Շապուհ Բ արքայի (309-379 թթ.) բանակում։ Շուտով նա ձեռք է բերել քաջ և հմուտ զորավարի հեղինակություն։ Նրա և որդու ազդեցությամբ պարսից զորքում շատերը քրիստոնեություն են ընդունել։
Դա հայտնի է դարձել պարսից արքունիքին։ Շապուհ Բ թագավորը Սարգիս զորավարին և նրա որդուն իր մոտ է կանչել և պարտադրել զոհ մատուցել արքայական մեհյանում։ Նրանք մերժել են հրամանը, համարձակորեն խոսել Աստծո մասին և անարգել կուռքերին։ Այդ տեսնելով՝ քրմերը մոլեգնել են և ամբոխի հետ ոտնակոխ սպանել Սարգիս զորավարի որդուն, իսկ նրան ձերբակալել ու բանտ են նետել։ Պարսից թագավորը հույս ուներ, որ հմուտ զորավարը, ի վերջո, կուրանա Քրիստոսին և կշարունակի ծառայել իրեն։ Բայց Քրիստոսի հավատարիմ վկան հաստատ է մնացել հավատի մեջ և պարսից թագավորի հրամանով գլխատվել է։
Ս. Սարգսին հավատարիմ 14 պարսիկ զորականներ ցանկացել են թաղել նրա մարմինը և այդ պատճառով թագավորի հրամանով նույնպես նահատակվել են։ Այդ ժամանակ պարսից թագավորին հայտնել են թշնամու հարձակման մասին, և նա զորքով շտապ հեռացել է, իսկ քրիստոնյաները տեղափոխել են նահատակների մարմինները և պատվով թաղել Համիան կոչված քաղաքում։ Ժամանակ անց Ս. Մեսրոպ Մաշտոցը Տիրոջ մեծ վկայի՝ Ս. Սարգիս զորավարի մասունքները փոխադրել է Հայաստան և ամփոփել Կարբի գյուղում ու վրան եկեղեցի կառուցել։
Նահատակվելուց առաջ Ս. Սարգիսն այսպես է աղոթել.
«Ո՛վ Տեր, Քրիստոս Աստված իմ, նրանք, որ կհիշեն իմ անունն իրենց նեղության մեջ և կկատարեն իմ նահատակության հիշատակն ուխտով ու պատարագով, ինչ որ ուզեն Քեզանից, լսիր նրանց և շնորհիր նրանց խնդրանքը»։
Այդ ժամանակ երկնքից մի ձայն է լսվել. «Պիտի կատարեմ քո խնդրանքը և աղաչանքը, իսկ դու արի ու վայելիր քեզ համար պատրաստած բարիքները»։