Հաճախ հարցնում են, թե ինչու Հայ Եկեղեցին Սուրբ Ծնունդը չի տոնում դեկտեմբերի 25-ին՝ մյուս Եկեղեցիների հետ։ Հայտնի է, որ Քրիստոսի Ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին գրված է Ավետարանում։ Հարկ է նշել, սակայն, որ բոլոր քրիստոնեական Եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների՝ Սուրբ Ծննդյան օրը հունվարի 6-ից դեկտեմբերի 25-ը տեղափոխվել է այն նպատակով, որպեսզի անտեսվի արևի աստծուն նվիրված հեթանոսական պաշտամունքը, որը կատարվում էր դեկտեմբերի 25-ին։ Այդ ժամանակներում քրիստոնյաները շարունակում էին պահպանել իրենց հեթանոսական տոնակատարությունները, և որպեսզի այդ սովորույթները վերացվեն, Հռոմի Եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը տեղափոխեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Աստվածահայտնության օր (336 թ.)։ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելու՝ Հռոմի Եկեղեցու նախաձեռնությունը նախ տարածվեց Արևմուտքում, ապա անցավ Արևելք։ Արդեն 5-6-րդ դարերում գրեթե բոլոր Եկեղեցիները Քրիստոսի Ծնունդը տոնում էին դեկտեմբերի 25-ին (հին տոմարով՝ հունվարի 7-ին)։ Մեզ՝ հայերիս համար, սակայն, այդ փոփոխությունն անիմաստ էր, քանի որ Հայաստանում այդ ժամանակ չկային նման հեթանոսական սովորույթներ։ Այսպիսով՝ հավատարիմ մնալով ավանդույթին՝ Հայ Եկեղեցին մինչ օրս շարունակում է Սուրբ Ծնունդը տոնել հունվարի 6-ին։ Հարկ է նշել, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6-ին՝ ըստ հին տոմարի, որը համապատասխանում է նոր տոմարով հունվարի 19-ին։