Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը

17.09.2024

Այդ օրը՝ բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Խաչվերացը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է, նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Խաչվերացը Քրիստոսի խաչափայտը գերությունից ազատելու պատմական դեպքերի հիշատակությանն է նվիրված: Յոթերորդ դարում պարսից զորքը, հասնելով Երուսաղեմ, Ս. Հարության տաճարից գերեվարել է Աստվածընկալ Ս. Խաչը: Այդ դեպքից մոտ քսան տարի անց բյուզանդական զորքը խաչափայտը ազատագրել է գերությունից և հանդիսավոր թափորով տեղափոխել հայոց Կարին քաղաք, Կոստանդնուպոլիս, այնուհետև՝ Երուսաղեմ: Քրիստոնյա ավանդական եկեղեցիներն այս դեպքերի հիշատակը հավերժացնելու համար հաստատել են խաչվերացի տոնը: