Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները
Սեպտեմբերի 8-ին Գերմանիայի Կառլսրուե քաղաքում ավարտվեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը։ Նույն օրը ԵՀԽ-ն հանդես եկավ աշխարհում առկա մարտահրավերների վերաբերյալ միասնական հայտարարությամբ և անդրադարձավ նաև 2020 թվականի արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին։ Հայտարարության մեջ համաշխարհային էկումենիկ կառույցը դատապարտել է Արցախում քիմիական և կասետային զենքերի կիրառումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների ու հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը, մարդկանց կտտանքների ենթարկելը և բոլոր այլ տեսակի պատերազմական հանցագործություններն ու բռնաճնշումները, որոնք արձանագրվել են հակամարտության ընթացքում և կոչ է հղել Ադրբեջանի իշխանություններին՝ միջազգային իրավունքի համաձայն անհապաղ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին: Խորհուրդը դիմել է նաև ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղի սրբավայրերն ու հուշարձանները պաշտպանելու համար ձեռնարկելու հնարավոր բոլոր միջոցները։ Խորհուրդը խնդրել է կառույցի անդամ բոլոր եկեղեցիներին շարունակել հավատարիմ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների և ժողովրդի նկատմամբ քրիստոնեական համերաշխությանը՝ արդարացի և կայուն խաղաղության հասնելու ճանապարհին: Համագումարին մասնակցել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը: