Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին կառուցվել է 1996–2001 թթ.: Ճարտարապետն է Ստեփան Քյուրքչյանը: Կառուցումն իրականացվել է երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մտահղացմամբ:
1997 թ․ ապրիլի 7-ին՝ Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի հանդիսապետությամբ կատարվել է եկեղեցու հիմնարկեքը:
Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2001 թ․ սեպտեմբերի 23-ին՝ ձեռամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Եկեղեցու գավթում են պահվում 2000 թ․ Նեապոլի Ս. Գրիգոր Հայի եկեղեցուց բերված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Եկեղեցին կառուցվել է Ռիչարդ Մանուկյանի և Լուիզ Մանուկյան-Սիմոնի նվիրատվությամբ` ի հիշատակ իրենց հանգուցյալ ծնողների՝ Ալեք և Մարի Մանուկյանների: Երկու մատուռների կառուցումն իրականացվել է նվիրատվությամբ Տեր և Տիկին Նազար և Արտեմիս Նազարյանների և Տեր և Տիկին Գևորգ և Լինդա Գևորգյանների, զանգակատունը՝ Տիար Էդուարդո Էոռնեկյանի:
Այժմ, Մայր Տաճարի հիմնանորգությամբ պայմանավորված՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում են մատուցվում Հայրապետական պատարագներ, կատարվում ձեռնադրություններ և այլ եկեղեցական արարողություններ:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության ներքո:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչն է Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: