Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան) – Կոչվում է նաև Հայրապետություն Մեծին Կիլիկիո, Սսի կաթողիկոսություն, Անթիլիասի կաթողիկոսություն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից մեկն է, որը ճանաչում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահերեցությունը և նախամեծարությունը: Հիմնադրվել է Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում` Հայոց կաթողիկոսության նախկին նստավայրում, երբ 1441 թ. Հայրապետական Աթոռը Վաղարշապատի Ազգային-եկեղեցական ժողովի որոշումից հետո վերահաստատվել է Ս․ Էջմիածնում: Կաթողիկոսանիստն Անթիլիասի Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարն է (1941 թ․): 1995 թ․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Քեշիշյանն է: Կիլիկիո Կաթողիկոսությունը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, որը մշակվել է 1860 թ.՝ Ազգային Սահմանադրության սկզբունքներով:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական իշխանության ներքո են Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմերը։ Կաթողիկոսությունը ձևավորել է նաև ոչ կանոնական եկեղեցական կառույցներ Հունաստանում, ԱՄՆ-ում, Պարսկաստանում, Կանադայում և Վենեսուելայում։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն – Հիմնադրվել է 7-րդ դարում: Պատրիարքարանի տարածքը (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը (1/6 մասը` 150 հազ. քառ. մ.): Աթոռանիստը Սրբոց Հակոբյանց վանքն է: Այժմ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո են Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր տեսչությունը: Երուսաղեմի Հայ Պատրիարքը Սրբոց Հակոբյանց վանքի հոգևոր և վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջև հայ համայնքի ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է: Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի իշխանությունները։ 2013 թ․ Երուսաղեմի Հայ Պատրիարքն Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն է:
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն – Կոչվում է նաև Պատրիարքություն Հայոց Թուրքիո, հիմնվել է 1461 թ.: Աթոռանիստը Գումգափուի Ս․ Աստվածածին մայր եկեղեցին է: Պատրիարքությունը Թուրքիայի հայկական համայնքների հոգևոր ներկայացուցչությունն է, որը նպաստում է ցրված հայ համայնքների համախմբմանը, ազգային-քրիստոնեական ինքնության, լեզվի ու մշակույթի պահպանմանը: Պատրիարքն իր իրավասությունից բխող գործողություններն իրականացնում է Կրոնական ժողովի միջոցով: 2019 թ․ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքն Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն է: