Էկումենիկ շարժման սկզբնավորման նախնական փուլում և ապա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ձևավորումից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մասնակցել է Էկումենիկ շարժմանը` նախ դիտորդի հանգամանքով, ապա` որպես լիիրավ գործունյա անդամ:
1962 թվականից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ), իսկ 1977 թվականից` Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) պաշտոնական անդամ` հետագայում անդամակցելով տարածաշրջանային, ենթատարածաշրջանային, ազգային, միջեկեղեցական ու Էկումենիկ այլ կազմակերպությունների:
Միջեկեղեցական հարաբերությունները կանոնակարգելու ու ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 1973թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ը հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատանը կից կազմավորվել է Հայաստանյայց Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը:
1999 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ բաժինը վերակազմավորվեց։ 2011 թ․ Միջեկեղեցական հարաբերությունների բաժնին կից հիմնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդատվական Միջեկեղեցական Աստվածաբանական Խորհուրդը, որի նպատակն է Վեհափառ Հայրապետի հանձնարարականով պատասխաններ պատրաստել միջեկեղեցական-աստվածաբանական բնույթի հարցերի շուրջ և արտահայտել Մայր Աթոռի տեսակետները՝ առաջացած միջեկեղեցական և միջկրոնական խնդիրների շուրջ:
2012 թ. Վեհափառ Հայրապետի կողմից Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում ստեղծվեց Ծիսական-հայեցակարգային հարցերի գրասենյակը: Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնում 2013 թվականից գործում են վարդապետական, ընկերային, բարոյական հայեցակարգային հարցերի, Ուղղափառ, Կաթոլիկ Եկեղեցիների և բողոքական հարանվանությունների հետ հարաբերությունների գրասենյակները:
Այն այսօր զբաղվում է Քույր Եկեղեցիների և օտար կրոնական կազմակերպությունների հետ մեր Եկեղեցու հարաբերությունների ընդարձակման և համակարգման խնդիրներով, ինչպես նաև կազմակերպում և ապահովում Հայ Եկեղեցու գործուն մասնակցությունը էկումենիկ շարժմանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նպատակն է նաև աշխարհին ներկայացնել մեր Եկեղեցին` իր քրիստոնեական արժեքներով և հոգևոր ժառանգությամբ:
Տնօրեն՝ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյան
Հեռ․՝ +374-10-517-260
Քարտուղարություն՝ +374-10-517-261
+374-10-517-262
+374-10-517-263