Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում Մայր Տաճարը, որը, ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի, հիմնվել է Հիսուս Քրիստոսի Իջմամբ և կառուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից 301-303 թվականներին: Տաճարն ավելի քան 17 դար սրբազան ուխտատեղի է համայն հայության համար և իր մեջ կրում է հավերժության խորհուրդը հայ ժողովրդի։
Սուրբ Էջմիածինը նստավայրն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Ի սկզբանե Սուրբ Էջմիածնում հաստատված Կաթողիկոսական Աթոռը հայ ժողովրդի պատմության ընթացքին հանգամանքների բերումով հաստատվել ու գործել է նաև այլ վայրերում։ Հայրապետական Աթոռը 1441 թվականին վերջնականապես վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում։
Էջմիածնի Մայր տաճարում են պահվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևորագույն սրբություններ Ս. Գեղարդը, Ս․ Թադեոս առաքյալի Աջը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Գետարգելի Ս. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, Ս. Հռիփսիմեի և Ս. Գայանեի մասունքները, Ս. Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, Ս. Արիստակես Ա Պարթևի Աջը, Ս. Գևորգ Զորավարի, Ս. Նիկողայոս Հրաշագործի մասունքները և բազմաթիվ այլ մասունքներ ու սրբություններ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դարեր ի վեր պահվում են հայկական ձեռագրերի և հին և արդի արվեստի բացառիկ գործեր։
Կայքի այս հատվածում դուք հնարավորություն ունեք ծանոթանալու Մայր Աթոռի վարչական բաժինների, գրասենյակների և կառույցների գործունեությանը:
Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և առաջնորդությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հավատարիմ իր հոգեխնամ առաքելությանը, շարունակում է իրականացնել հոգևոր, մշակութային, գիտական, կրթական և սոցիալական բազմազան ծրագրեր Հայաստանում և Սփյուռքում: