ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը հիմնադրվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին՝ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ։
1997 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր: Բանակի հոգևոր առաջնորդությունն սկզբնական շրջանում ստեղծվել է Հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի համար:
Գնդերեցները (բանակի հոգևոր սպասավորներ) հոգևոր դաս-զրույցներ են անցկացնում զինվորականների հետ, կազմակերպում ուսուցողական ֆիլմերի դիտումներ, ուխտագնացություններ, մկրտություններ, պատարագներ և եկեղեցական այլ արարողություններ:
ԶՈՒ հոգևոր առաջնորդության ջանքերով զորամասերի գրադարանները պարբերաբար համալրվում են հոգևոր գրականությամբ, տպագրվում և բաժանվում են զինվորի համար նախատեսված Նոր Կտակարաններ, տարբեր գրքույկներ ու աղոթագրքեր, ինչպես նաև Մայր Աթոռ «Էջմիածին» ամսագիրը և Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը:
ԶՈՒ հոգևոր առաջնորդությունում ծառայող գնդերեցներն առանձին զորախմբով մասնակցել են ՀՀ անկախության հռչակաման 20 և 25-ամյակների, նաև Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված զորահանդեսներին։
2012 թ. հունվարի 29-ին Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Աշոտ Բ Երկաթ Բագրատունի (914–928 թթ.) թագավորի խաչը հայտարարվել է Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն։ Հրաշագործ խաչի կրկնօրինակը, որի կենտրոնում ապակու տակ զետեղված է Քրիստոսի փրկչական խաչափայտից մի մասունք, օծվել և հանձնվել է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությանը:
2017 թ., Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ՀՀ զինված ուժերի կորպուսներին և կայազորներին նվիրաբերվել են զորական սրբերի պատկերներով խաչվառներ, որոնք պահվում են զորամասի մարտական դրոշի կողքին։
Հոգևոր առաջնորդությունը գնդերեցների համար կազմակերպում է եռամսյա սեմինար-քննարկումներ, տարեկան մեկ անգամ համաժողով՝ բարձրաստիճան հոգևորականների և ռազմական հոգեբանության մասնագետների ներգրավվածությամբ։
Առաջնորդ՝ Տ. Մովսես վարդապետ Սարգսյան
Հեռ․՝ +374-77-251–569
Էլ․ հասցե՝ [email protected]