1986 թ․ հիմնադրվեց տարածաշրջանային նշանակություն ունեցող Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը, որը կոչված էր մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել Անդրկովկասի 3 հանրապետություններին։
2000 թ. Հայ բարեգործական ընդհանուր միությունը ձեռք բերեց և 2001 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերեց այս ինստիտուտը, որը վերանվանվեց Սբ. Ներսես Մեծ բժշկական կենտրոն։
2008–2012 թթ․ «Իզմիրլյան» հիմնադրամի և ՀԲԸՄ-ի տնօրեն տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի համագործակցությամբ հիվանդանոցը հիմնանորոգվեց, և կառուցվեց նոր մասնաշենք: Վերանորոգումից հետո՝ 2012 թվականին, հիվանդանոցը կոչվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր կազմում ընդգրկելով «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական կենտրոնը:
Բժշկական կենտրոնը պարբերաբար համալրվում է բժշկական ժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով և գործիքներով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար տիար Անդրե Քիսաջիկյանի (Բրազիլիա) ջանքերով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կահավորվել է: Ի նպաստ հիվանդանոցի գործունեության՝ «Սարգիս և Սիրան Գաբրիելյաններ» հիմնադրամի (ԱՄՆ) կողմից հաստատվել է հատուկ հիմնադրամ: «Բուլուքյան» հիմնադրամի (Ֆրանսիա) կողմից ամենամյա հատկացումներ են կատարվում բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Հիվանդանոցին արժեքավոր սարքավորումներ է տրամադրել նաև բժիշկ Կարո Դերձակյանը (ԱՄՆ):
«Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ծրագրերը համակարգում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Ազգային առողջապահության ինստիտուտի հետ:
Կենտրոնի բաժանմունքները համագործակցում են արտասահմանում բնակվող անվանի հայ բժիշկների հետ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի միջոցով կազմակերպվում են կենտրոնի բժիշկների ամենամսյա այցեր Հայաստանի տարբեր շրջաններ, գյուղեր ու քաղաքներ: Հատուկ խմբերի համար տրամադրվում են բժշկական անվճար ծառայություններ և խորհրդատվություն:
2011 թ․ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, բժշկական կենտրոնում հիմնադրվել է հոգևոր տեսչություն:
«Իզմիրլյան» ԲԿ-ում հոգևոր տեսուչ ՝ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյան
Տնօրեն՝ բ․ գ․ դ, պրոֆեսոր Արմեն Չարչյան
Հեռ. +374-10-242-024
Կայք՝ www.i-mc.am
Էլ. հասցե՝ [email protected]