Թեմական առաջին կառույցները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնեական համայնքների (ծխերի) հիման վրա:
Դ դ. սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչ հայրապետը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ: Թեմ անվանումն առաջացել է Է դ., Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների վարչական միավորների՝ թեմերի անունից: Թեմերը գլխավորել են Հայոց Կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային, անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ:
Ժ դ. Հայոց Կաթողիկոսությանը ենթակա թեմեր են գործել նաև Հայաստանից դուրս:
Արտերկրում Հայոց Եկեղեցու թեմի մասին հիշատակություն կա դեռևս Զ դ․ երկրորդ կեսից։ Սմբատ Բագրատունի իշխանը , ում պարսից Խոսրով Բ թագավորը նշանակել էր Վրկանի մարզպան, այստեղ հանդիպել է շատ քրիստոնյաների, նաև՝ հայերի և դիմել է Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսին (574–604թթ․), որ եպիսկոպոս ձեռնադրի նրանց Աբել երեցին։
Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը (973–992թթ․) թեմեր է հաստատել նաև Անտիոք, Տարսոն, Տրայանուպոլիս քաղաքներում: Թեմն անվանվել է այն երկրամասի կամ բնակավայրի անունով, որտեղ եղել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը:
Ուշ միջնադարում պատմաքաղաքական հանգամանքների բերումով որոշ թեմեր վերացել են, մյուսների տրոհմամբ կամ միավորմամբ ստեղծվել են նորերը: Մեծ թեմերը տրոհվել են, աստիճանաբար նոր տարածք և ազդեցություն ձեռք բերել և վերածվել ինքնուրույն եկեղեցավարչական միավորների: Ըստ այդմ՝ Հայոց եկեղեցում առաջացել են թեմերի նոր տեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանական, եպիսկոպոսական թեմական տեսչություններ, եպիսկոպոսական վիճակ, տեսչական վիճակ, առաջնորդություն, պատվիրակ-առաջնորդություն, առաջնորդական փոխանորդություն, տեսչություն, վիճակային և վանական տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն:
Հայոց Եկեղեցու թեմական առաջնորդներ կարող են լինել ոչ միայն եպիսկոպոսները, այլև ծայրագույն վարդապետներն ու վարդապետները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ։ Տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են Հայոց Եկեղեցու թեմերի քանակը, անվանումը, առաջնորդանիստ կենտրոնը: Թեմերն ունեցել են կառավարման անկախ կամ կիսանկախ վիճակ:
Այժմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թեմեր ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլև Սփյուռքի բազմաթիվ հայ համայնքներում:
______________________
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՄԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ