2011 թ. հունիսին տեր և տիկին՝ Հայկ և Էլզա Տիտիզյանների ազնիվ հանձնառությամբ սկսվեցին կենտրոնի շենքի շինարարական աշխատանքները: Ճարտարապետներն էին Ա. Նազարեթյանը և Ա. Սահակյանը: 2015 թ. սեպտեմբերի 28-ին, հանդիսապետությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է նորակառույց շենքի բացման արարողությունը:
Բացման արարողությանը Նորին Սրբությունը ներկայացրեց իր տեսլականը կենտրոնի հետագա գործունեության վերաբերյալ. «Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի անունը կրող այս կենտրոնը մեր Եկեղեցու հոգևոր-կրթական ասպարեզում կարևոր առաքելություն է ստանձնելու: Կենտրոնի հարկից ներս իրենց գիտելիքները պիտի հարստացնեն և կատարելագործեն մեր Եկեղեցու հոգևոր սպասավորները, ուսուցիչներն ու կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Կրթական կենտրոնում նպաստավոր պայմաններ են ստեղծվում նաև հայագիտական ու աստվածաբանական հարցերի շուրջ գիտաժողովներ կազմակերպելու համար:
Դարեր շարունակ հայ հոգևորականն ու հայ ուսուցիչն են կրթել մեր ժողովրդին, կերտել հոգևոր-բարոյական նկարագիրը, որով ազգս ապրել է, ստեղծել հարուստ դպրություն ու մշակույթ, հաղթահարել փորձություններ և հավատով նայել գալիքին։ Հոգելույս Գարեգին Ա Հայրապետն էլ՝ իբրև հոգևորական և ուսուցիչ, իր գրական և աստվածաբանական ծավալուն ժառանգության մեջ մշտապես եղավ մեր հավատքի, մեր լեզվի, մշակույթի, մեր հայրենիքի ջատագովն ու պաշտպանը:
«Գարեգին Ա» կրթական կենտրոնը մշտավառ է պահելու հիշատակը լուսահոգի Հայրապետի, նրա անձը և կյանքի անցած ուղին օրինակ ու խրախույս դարձնելով, ոգեշնչելով ու նոր լիցքեր հաղորդելով երիտասարդ հոգևորականներին և ուսուցիչներին»:
«Գարեգին Ա» կրթական կենտրոնի մասնաշենքը 2017 թ. «Տարվա նախագիծ և տարվա կառույց» ամենամյա մրցույթի արդյունքներով «Ճարտարապետական իրականացված կառույց» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել:
Ներկայումս կենտրոնում իրականացվում է քահանաների վերապատրաստության ծրագիրը՝ աշխարհասփյուռ հայ հոգևորականների համար։ Ծրագիրն կրում է շարունակական բնույթ։ Կենտրոնը իրականացնում է նաև Աստվածաշնչի ամենշաբաթյա ուսումնասիրության դասընթացներ։
Կենտրոնի տնօրեն՝ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան