Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը զբաղվում է պատանիների և երիտասարդների շրջանում քրիստոնեական քարոզչության համակարգման ու իրականացման հարցերով։ Այն հիմնվել է 1991 թ․՝ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք՝ որպես Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն։ Կենտրոնի շենքը պաշտոնապես բացվել է 1996 թ․ նոյեմբերի 22-ին։ Կենտրոնի հաջողված ձեռնարկներից էր մեկօրյա (կիրակնօրյա) դպրոցների ստեղծումը։
Կենտրոնի կողմից 1997–2000 թթ․ հայաստանյան բոլոր թեմերում կազմակերպվել են կրոն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, 1993–1999 թթ․ մշակվել և 2–9-րդ դասարանների համար տպագրվել կրոնի դասագրքեր։ Այս ընթացքում զարկ է տրվել հոգևոր գրականության և եկեղեցական տոների, ծեսերի, խորհուրդների, բարեպաշտական սովորությունների մասին քարոզթերթկների տպագրությանն ու տարածմանը։ Ստեղծվել են «Խորան լուսոյ» և «Սիրեցե՛ք զմիմեանս» հաղորդաշարերը։
2005 թ․ սեպտեմբերի 1-ին, հայրապետական տնօրինությամբ, ՔԴՔԿ-ն վերակազմակերպվել է Քարոզչական կենտրոնի:
2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կառավարության միջև կնքվել է համաձայնագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Այն ամրապնդվել է 2005 թ.՝ Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳՆ նախարար Սերգո Երիցյանի միջև կնքված համաձայնագրով` կարգավորելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ: Առարկան 2005 թվականից ընդգրկվել է հանրակրթական դպրոցների պետական ուսումնական պլանի 4–10-րդ (այժմ՝ 5–11-րդ) դասարանների առարկայացանկում։
2011–2012 թթ․ ուս. տարվանից ՀԵՊ առարկան ՔԴԿ-ի նախաձեռնությամբ փորձաշրջանով ներդրվել է ՀՀ տարբեր մարզերի 25 դպրոցների տարրական` 2–4-րդ դասարաններում՝ գիրք-տետրերի ձևով։
ՔԴԿ գործունեությունն իրականացվում է գրասենյակի աշխատակիցների և տարածաշրջանային 22 պատասխանատուների միջոցով, որոնք պարբերաբար այցելում են մանկապարտեզներ, դպրոցներ, աջակցում ուսուցիչներին և դաստիարակներին, կազմակերպում քննարկումներ և զանազան միջոցառումներ:
ՔԴԿ-ն իրականացրել և շարունակում է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր՝ «Ավետարանական առակները հայ դպրոցներում», «Հոգևոր աջակցություն ընտանիքներին», «Գրերի գյուտից մինչև գրատպություն» և այլն։
Ամեն տարի՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, գրասենյակը կազմակերպում է կրթության մշակների օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Տնօրեն՝ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան։