Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը մանուկներին

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ԱՊՐԻԼ 8

Ծաղկազարդի տերունական սքանչելի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր օրհնությունն ու սերն ենք բերում մեր բոլոր մանուկներին:
Այսօր հիշատակությունն է մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ փառավոր մուտքի, երբ ժողովրդի բազմության հետ Քրիստոսին ընդառաջ գնացին մանուկները` օրհնաբանություններով եւ արմավենու ճյուղերով: Քրիստոս միշտ գրկաբաց ընդունեց եւ օրհնեց մանուկներին, նրանց հոգու անկեղծ զգացումն ու անմեղությունը օրինակ բերելով մարդկանց` իբրեւ առ Աստված հավատի ու ընթացքի ճանապարհ:
Եվ այսօր սուրբ եկեղեցիներում Տիրոջ հանապազ օրհնությունն է վերստին բաշխվում մեր սիրասուն երեխաներին, որպեսզի նրանք հասակ առնեն լի հավատքով, շնորհներով եւ իմաստությամբ, իրենց կյանքով ու գործերով դառնան մեր Սուրբ Եկեղեցուն ու ժողովրդին արժանի զավակներ:
Ի խորոց սրտի աղոթում ենք առ Բարեգութն Աստված, որ Ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի-պահպանի աշխարհի բոլոր երեխաներին, օրհնի նրանց կյանքի ճանապարհը երջանկությամբ, բարիով ու բարիքով:

 

Օրհնությամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2006, 08 ԱՊՐԻԼ