Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի 1700-ամյակին նվիրված գիտաժողովի բացման առիթով
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12
Սրբազան հայրեր,
Հոգևոր եղբայրներ,
Գիտաժողովի սիրելի մասնակիցներ.
Հոգու անսահման բերկրանքով ողջունում ենք նվիրական մեր սրբավայրի` Կաթողիկե Մայր Տաճարի 1700-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացումը Սուրբ Էջմիածնում: Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում գիտաժողովի բոլոր մասնակիցներիդ և Մեր գնահատանքը, որ սիրով ու պատրաստակամությամբ արձագանքեցիք Մայր Աթոռի հրավերին:
Այսօր Ձեզ հետ միասին հրաշալի առիթն ունենք վերստին ապրելու լուսեղեն խորհուրդը Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի, որ Երկնավորի բացառիկ պարգևն է մեր ժողովրդին: Աստծո Էջքով նվիրագործված այս սրբավայրից 1700 տարի առաջ քրիստոնեության լույսը ճառագյալ սփռվեց համայն Հայաստանի ու հայոց վրա: Որտեղ էլ տարագիր ապրեցինք, մեր հայացքները ուղղեցինք դեպի Արարատի լանջին վեհորեն կանգնած ու մեզ միշտ կանչող ու միավորող հավատի մեր օրրանը, Միածնաէջ հոգևոր մեր կենտրոնը` Մայր Տաճարը ամենայն հայոց: Աղոթախոս նրա քարերին են դիպել մեր մեծ սրբերի` Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի ձեռքերը, Իջման Սուրբ Սեղանի առջև ծնրադրել են մեր երանաշնորհ ու երախտարժան Հայրապետները, նրա կամարների ներքո Մաշտոց Սուրբ Վարդապետը հայոց նորագյուտ այբուբենն է ուսուցանել հայ մանուկներին և այստեղ են վասն հավատի ու հայրենյաց մարտերից առաջ ուխտել և օրհնություն ստացել հայոց քաջերը: Այսպես գիտենք Սուրբ Էջմիածինը ու այսպես պիտի ճանաչենք միշտ` «հայ հոգու զորության ակունք ու գանձարան, ազատության սեր ու դրոշ, հայ հոգու պարծանք ու հաղթություն, գիտենք մեզ Մայր պաշտելի` գորովագութ սիրով մեզ շաղկապող, սիրո մեջ հաստատող ու պահպանող» (Հայրապետական Կոնդակ, թիվ 124, 2003թ.):
Սիրելիներ, այսօր դուք ևս գիտական ձեր ուսումնասիրություններով նշանավորում եք Մայր Տաճարի մեծ տարեդարձը: Նրա պատմությանը, ճարտարապետությանը և այլ հարցերի նվիրված ձեր զեկուցումները մեկ անգամ էլ ներկայացնելու են մեր Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը` իր սրբազան առաքելությամբ համազգային մեր կյանքում և քրիստոնեական եկեղեցիների մեծ ընտանիքում: Երեկ, այսօր և միշտ նույնն է նրա առաքելությունը. Աստծո սերը և հավատի լույսը մեր ժողովրդի հոգում անմար պահելու առաքելությունն է այդ, որը դարձել է նաև հայորդուն հայրենյաց արժեքներով ապրեցնելու լուսավոր ճանապարհ, Հարության հավատով դեպի ազատ Հայաստանի այսօրը առաջնորդելու ճանապարհ: Սուրբ Էջմիածնից ճառագող հավատի մեծագույն գանձը իր հոգում և նախնյաց հարուստ ժառանգությունը իր ուսերին մեր ժողովուրդը կերտում է իր նոր կյանքը` մասնակցություն բերելով ժողովուրդների ու պետությունների համագործակցությանը` հանուն աշխարհում խաղաղության հաստատման ու առաջընթացի: Այսօր, երբ ետընթաց են ապրում հոգևոր արժեքներն ու բարոյական սկզբունքները, երբ նյութականն ու մարմնականը դառնում են գերադասելիություններ, մեր ժողովրդի համար նույնպես լուրջ մտահոգություն է հոգևորի վերարժևորումը հասարակական կյանքում: Պատմությամբ ու կյանքով է վկայված` առ Աստված հավատի պակասից են ծնունդ առնում բոլոր չարիքները` ատելությունը, օրինազանցությունը, բռնությունները, անտարբերությունը մարդու հանդեպ, նրա կարիքի ու ցավի հանդեպ: Գիտության ձեռքբերումները և տեխնիկական նորանոր հնարավորությունները չեն կարող սնունդ դառնալ մարդկային հոգու համար և մանավանդ, չեն կարող պատասխան տալ այն հարցին, թե ինչպե՞ս երջանիկ լինի իր ընտանիքում, մերձավորների շրջանում ու հասարակության մեջ: Օրենք ու օրենսդրություն` լավագույնս անգամ մշակված, չեն կարող գործել առանց մարդկային հոգու առաքինության, որի ակունքը հավատն է` Աստծո հետ իր արարածի կենդանի հաղորդակցությունը: Հավատարիմ այս ճանաչողությանը ու մեր հայրերի ավանդներին, Մայր Աթոռը շարունակում է իր առաքելությունը, և փառք Տիրոջ, այսօր նորոգ զարթոնք է ապրում: Հայրենիքում ամենուր կառուցվում ու վերակառուցվում են եկեղեցիներ, օրավուր զորանում է քարոզչությունն ու բազմազան հոգևոր-կրթական գործունեությունը, հոգևոր ու ազգային վերածնունդ է Սփյուռքում և Հայրենիքում: Աստված հաճեցավ վերհառնումը մեր ժողովրդի, հաճեցավ պայծառակերպությունը հայորդյաց հոգիների և 1700-ամյա Սուրբ Էջմիածնով օրհնեց հավատի մեր ընթացքը դեպի նոր հազարամյակ:
Մեր Տիրոջ Իջման Սուրբ Սեղանի առջև խոնարհյալ աղոթք ենք բարձրացնում երկինք, հայցելով, որ Աստվածային լույսի և օրհնության խորանաշատ դռները միշտ բացված լինեն հայոց աշխարհի վրա և միշտ բանուկ լինի դեպի հայ հոգու սրբօրրանը` դեպի Միածնաէջ մեր Մայր Տաճարը առաջնորդող հայորդյաց ճանապարհը:
Սիրելի ներկաներ, Մայր Տաճարի 1700-ամյակին նվիրված գիտաժողովի բացման այս ուրախ առիթով Հայրապետական Մեր մասնավոր գնահատանքն ենք բերում նրա կազմակերպիչներին` Սուրբ Էջմիածնի այն ուխտյալ միաբաններին, ովքեր գլխավորությամբ ԱՄՆ Արևելյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանի, սիրով ու ամենայն ջանադրությամբ հոգացին գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները: Մենք հավատում ենք, որ գիտաժողովը կարևոր ավանդ է բերելու Հայ Եկեղեցու շուրջ ճանաչողության ընդլայնմանը, միաժամանակ` ներկայացնելով ազգային եկեղեցական մեր կյանքում առկա հրամայականները և մեկ անգամ ևս արժևորելով Հայ Եկեղեցու առաքելությունը, նոր քաջալերություն է դառնալու քրիստոնեական մեր կյանքին:
Տիրոջ զորակցությունն ենք հայցում բոլորիդ և մաղթում բարի ընթացք ու արդյունավորում գիտաժողովի աշխատանքներին:
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ եւ ընդ ամենեսեան: Ամէն: