Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Մեր Տիրոջ` Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան Եվ Աստուածյայտնութեան Տօնի Առիթով
06 հունվար 2018 Էջմիածին
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»:
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը մեր հոգու հայացքները բեթղեհեմյան աստղալույսով ուղղվում են դեպի մսուրը, որտեղ Աստծո Միածին Որդին ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար: Այսօր համախմբված եկեղեցիներում՝ օրհնաբանում ենք նորածին Փրկչին, փառավորում երկնավոր Արքային՝ ասելով. «Փառք հրաշափառ ծննդեան Քո, Տէր»:
Ի լրումն ժամանակի Քրիստոս մուտք գործեց աշխարհ: Փրկչի Սուրբ Ծնունդով մենք մեր հանդեպ աստվածային մեծագույն սիրո և խնամքի խորհուրդն ենք տեսնում: Փրկչի Ծննդյամբ Աստված մարմին զգեցավ, լինելով անսահման՝ կամավորապես հանձն առավ սահմանավորությունը, անչարչարելին խոնարհությամբ ստանձնեց չարչարանքներն ու խաչելությունը, որպեսզի մարդիկ արժանանան փրկության շնորհին, դառնան Աստծո որդեգիր զավակները և ժառանգեն երկնքի արքայությունը: Աստվածորդին մարդացավ, ապրեց ու գործեց մարդկանց մեջ` վկայելով, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ով մարդկության հանդեպ Իր սերը, խնամքն ու հոգատարությունը արտահայտում է աներևակայելի զոհողությամբ, ինչպես հավաստում է Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16):
Սիրելիներ, Աստծուն հակառակ ընթացքները, սակայն, շարունակում են ալեկոծել մարդկության կյանքը, ծանրաբեռնել հոգսերով ու մտահոգություններով: Գիտական ու տեխնոլոգիական հսկայական առաջընթացով հանդերձ՝ մարդկությունը երերում է բարու և չարի, կյանքի և մահվան ընտրության առջև: Տնտեսական աննախընթաց զարգացումների մեր դարում միլիոնավոր մարդիկ տակավին գտնվում են սովի ու աղքատության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանության այս ժամանակաշրջանում խախտվում են ժողովուրդների և մարդկանց իրավունքները: Երկխոսությունների մեր օրերում բազում մարդիկ դառնում են զոհ անհանդուրժողականության, կրոնական ատելության, ահաբեկչության, ենթարկվում տարատեսակ բռնությունների: Հանուն խաղաղության պայքարի այս ժամանակներում բյուրավոր մարդիկ կյանքի գին են վճարում զենքի գործադրմանը և սպառազինության մրցավազքին: Հասարակությունների և ընտանիքների համար չարիք են դառնում թմրադեղերի տարածումը, ալկոհոլի չարաշահումը և այլ մոլուցքներ, որոնց տրվելով մարդիկ անկարող են դառնում սեփական կյանքը կազմակերպելու, իսկ ոմանք ծայրահեղ հուսահատության մեջ դիմում ինքնասպանության:
Աշխարհի խաղաղ ընթացքը խաթարող փորձությունները հուզում են նաև մեր երկրի ու աշխարհասփյուռ ժողովրդի կյանքը: Հայրենիքում մեր ժողովուրդը շրջափակման մեջ և անկայուն խաղաղության պայմաններում մաքառում է բարօրություն կերտելու և իր իրավունքները պաշտպանելու համար՝ իր զավակների կյանքի թանկ գնով ապահովելով մեր երկրի անվտանգությունը: Մեր ժողովրդի աննկուն կամքով ու նվիրումով արձանագրված ձեռքբերումներով հանդերձ մեր երկրի առջև տակավին ծառացած են գործազրկության, աղքատության խնդիրները, շարունակական ջանքեր են պահանջվում ամրապնդելու վստահությունը վաղվա օրվա հանդեպ, հավատը՝ արդարության նկատմամբ, հաղթահարելու սոցիալական, տնտեսական և հայրենական ու ազգային կյանքում առկա այլ մարտահրավերները:
Սիրելիներ, աղքատիկ մսուրում, նեղությունների մեջ ծնվեց մեր Տերը, որպեսզի մենք Նրան ապավինությամբ նեղություններն ու դժվարությունները հաղթահարենք: Մեծահարուստ մոգերից պատվվեց, որպեսզի ունևորներն իրենց ունեցվածքը բարի ու աստվածահաճո գործերի ծառայեցնեն: Հովիվներից երկրպագվեց, որպեսզի բոլոր մարդիկ պարզասրտությամբ Տիրոջ առաջ խոնարհվեն և Նրա բերած շնորհներին արժանի դառնան: Քրիստոսի մարդեղությամբ վկայված Աստծո մշտական հոգատարությունը մեր հանդեպ վայելում ենք, երբ մեր հավատքը կյանք է ու գործ, երբ Փրկչի Սուրբ Ծնունդը չի դառնում միայն պատմություն ու հիշատակություն, միայն տոնախմբություն կամ խրախճանք, այլ՝ ապրում, ներշնչանք, մեծագույն խորհուրդ: Այս ընկալումով Սուրբ Ծննդյան տոնակատարումը, մեր աղոթքներն ու հայցը շնորհների անսպառ աղբյուր են բացում մեր առջև, բերում բերկրանքը երկնավորների հետ առ Աստված փառաբանության, կյանքը լցնում աստվածային ներկայությամբ, ընտանիքները՝ երկնային սիրով ու շնորհներով, աշխարհն ու մարդկությունը՝ հրեշտակների ավետած խաղաղությամբ ու հաճությամբ:
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Աստծո երկնառաք պարգևներով լեցուն այս օրը Հայրապետիս մաղթանքն ու պատգամն է, որ Քրիստոսի Ծննդյամբ սկսված նոր արարչության մեջ լինենք մեղքերից թոթափված նոր արարածներ: Մանուկ Հիսուսին ընդունելով մեր սրտերում՝ամուր պահենք մեր հավատքը, բարեպաշտ ընթացքը, որպեսզի միշտ կարողանանք վայելել Աստծո հոգածությունն ու անսահման սերը: Քրիստոսի պատվիրանների իմացությունն ու կատարումը, սրտի մաքրությունը, հոգու խոնարհությունը, եղբայրսիրությունն ու ողորմությունը այն կարևոր ընծաներն են, որոնք այսօր Աստված ուրախությամբ պիտի ընդունի մոգերի բերած ոսկու, կնդրուկի և զմուռսի փոխարեն՝ որպես հաճելի նվերներ մանուկ Հիսուսին: Այս ոգով ու հավատով է նաև, որ իրապես օգտակարություն կբերենք հայրենի մեր երկրին, կարիքի մեջ գտնվող մեր եղբայրներին ու քույրերին, կկարողանանք անվեհեր պաշտպանել հայրենիքի սահմանները, զորացնել Քրիստոսապաշտ մեր ժողովրդի միասնականությունը ու նպաստել ազգային մեր իղձերի իրականացմանը, մեր ժողովրդի արդար իրավունքների հաղթանակին:
Այս մաղթանքով Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին: Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք բերում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին:
Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք և մեր բարեմաղթանքներն ենք բերում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, ՀՀ առաջին տիկնոջը, ողջույն ենք հղում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները՝ համայն հավատավոր Մեր ժողովրդին:
Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ Իր հրաշափառ Ծննդյան շնորհները սփռվեն ողջ աշխարհում, ժողովուրդներն ընթանան խաղաղության ու համերաշխության Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն պատգամի համաձայն, և անվրդով խաղաղություն տիրի մեր հայրենիքում, շինություն, բարօրություն՝ աշխարհասփյուռ ազգիս կյանքում: Թող մեր հայրենանվեր ու ազգանվեր գործերի բարի արդյունքներով հզորանա մեր հայրենիքը, պայծառ մնա մեր Սուրբ Եկեղեցին, և մենք արժանի լինենք Տիրոջ կողմից մեզ տրված փրկության ու հավիտենական կյանքի պարգևին՝ այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս: