Ուղերձ Սրբոց Վարդանանց տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձ Սրբոց Վարդանանց տոնի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈՒՆՎԱՐ 11

Սիրելի զավակներ Մեր,

 Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին նշում է նվիրական հիշատակը Սրբոց Վարդանանց:

 Արդարև, Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում: Հայ քրիստոնեական մեր ինքնությանը ոչինչ այդչափ ոգեշնչում չի պատճառում, որքան հավատքի և հայրենյաց սիրո նրանց վկայությունը: Հինգերորդ դարում նրանք արիությամբ դիմակայեցին ահեղ փորձությանը՝ ունենալով վստահությունը, որ մեր ժողովուրդը առհավետ սիրով կապված պիտի մնա հայրենի իր երկրին և Քրիստոսի Սուրբ Անվանը, քանզի «երկնքի տակ չկա մարդկանց տրված այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք Դ 12):

 Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռվից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զորացած և հայրենյաց սիրո ջերմ զգացումով քաջ ու արդյունավոր լինենք մեր սրբությունների ու արժեքների պաշտպանության և մեր հայրենիքի զորացման ու շենացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատվության մեջ: Նրանց հիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի, հանուն մեր իղձերի, հանուն մեր նահատակ զավակների, ովքեր

 Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին և զոհվեցին Արցախի համար այս պատերազմում:

 Հայցում ենք առ Փրկիչ մեր Տերը, որ բարեխոսությամբ Սրբոց Վարդանանց, Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահի մեր հայրենիքը, պահպանի մեր ժողովրդին սիրով միասնական, ամուր հույսով ու հավատքով և պարգևի մեր սրտերին հայրենաշեն ու ազգաշեն ձեռքբերումների ու հաղթանակների ուրախություններ: