Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհաորական ուղերձը Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՐՏ 8

Ուղերձ Մարտի 8-ի առիթով

Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:

Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և ներկայիս, իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ։

Այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, միասնական ոգով աջակից լինել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին, առանձնակի հոգածություն և ուշադրություն ցուցաբերել մեր վիրավորված զավակներին և նահատակ քաջորդիների ընտանիքներին։

Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը հաստատուն պահի տիկնանց և օրիորդաց հավատքի, բարի գործերի ու առաքինությունների մեջ և շնորհի արևշատ կյանքի երջանիկ օրեր: Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ ու բարօր պահպանի մեր հայրենիքը և մեր աշխարհասփյուռ ժողովրդին՝ պարգևելով ուժ ու կորով՝ կերտելու իր լուսավոր ապագան։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն ձեզ ամենքիդ հետ. ամեն: