Ուղերձ մարտի 8-ի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհաորական ուղերձը Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՐՏ 8

Ուղերձ մարտի 8-ի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդաց։

Այսօր վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքներումները կրթության, գիտության, առողջապահության և բազում այլ կարևոր բնագավառներում։

Մեր երկիրն այսօր դժվարություններ է կրում, դեռ հաղթահարված չեն պատերազմի ծանր հետևանքները և շատ հոգսեր ծանրացած են կանանց ուսերին, ովքեր համբերությամբ, նախանձախնդրությամբ և արիությամբհանձնառու են իրենց առաքելությանը։

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, աղոթք ենք բարձրացնում ամենքիդ համար՝ հայցելով, որ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո քաջառողջ պահպանի ձեզ և հավատով ու սիրով լեցուն, որպեսզի նույն նվիրումով ծառայեք ձեր ընտանիքների ապահովությանն ու երջանկությանը և մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթացին։ Ձեր ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը ապագայի հանդեպ,հասակ առնի ջերմ հավատքով, ազգասեր ու հայրենասեր ոգով սերունդ՝ անխախտ պահելու մեր ժողովրդի վերելքի ուղին։ Թող Բարձրյալի շնորհով ձեր կյանքի և համայն մեր ժողովրդի ուղեկիցները լինեն խաղաղությունն ու բարօրությունը։ Ապրե՛ք առ Աստված ապավինությամբ և աղոթքը՝ մշտահունչ ձեր շուրթերին. «Յիշի՛ր մեզ, Տէ՛ր, ի հաճութիւն քո ժողովրդի, եւ այցելի՛ր մեզ քո շնորհելիք փրկութեամբ» (Սղմ. 105. 4)։

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն։