Ուղերձ ՀՀ Բանակի օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ Բանակի օրվա առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈՒՆՎԱՐ 28

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին Բանակի օրվա առիթով:

 Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։ Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների խրոխտ զավակներ, նույն խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատեր իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենյաց և ազգի։

 Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք, աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ և մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում և Հայաստանում՝ նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի։

 Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Իր խնամքի ներքո պահպանի հայրենիքի պաշտպան Մեր սիրեցյալ զավակներին և շնորհի անվտանգ ծառայություն։ Թող Տերն Ամենակալ Իր օրհնությունն ու ողորմությունը տարածի համայն մեր ժողովրդի վրա ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն: