Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հաղթանակի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՅԻՍ 11

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում համայն մեր ժողովրդին Հաղթանակի տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա առիթով:

Հայրենասիրության ու անձնվիրումի փառապանծ վկայություններով եւ հերոսների անմահ հիշատակի ոգեկոչումով ենք նշում Հաղթանակի տոնն ու Շուշիի ազատագրումը` աղոթքով հիշելով խաղաղ ապրելու ձգտումով ու կամքով պայքարած բոլոր նվիրյալներին:

Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում մեր Սուրբ Եկեղեցու օրհնությամբ են հաղթանակներով պսակվել Հայրենիքի պաշտպանների ջանքերը` հանուն նոր կյանքի հույսերի ու ազգային իղձերի իրականացման:

Ի խորոց սրտի աղոթում ենք փառքով զոհվածների հոգիների հանգստության համար եւ հայցում Բարերար Աստծուց, որ խաղաղ պահի աշխարհը, մեր Հայրենիքը եւ ամենառատ Իր օրհնությամբ հաստատի ժողովուրդներին սիրո ու եղբայրության մեջ: