Գարեգին Բ Կաթողիկոս. «Անհանգստությունից փարատված չեն մեր հոգիները...»

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՄԱՐՏ 3

Միջկրոնական խաղաղարարական ներկայացուցչական ժողովը` Մոսկվայում

Մարտի 2-ի առավոտյան ՌԴ մայրաքաղաքում` Մոսկվայի ևՀամայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի նախագահությամբ իր աշխատանքներն սկսեց ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական խաղաղարարական ներկայացուցչական ժողովը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր մասնակցությունն է բերում ժողովին, առաջին նիստի ընթացքում իր ողջույնի խոսքն ուղղեց մասնակիցներին: Նորին Սրբությունը բարձր գնահատեց Ալեքսի Բ Պատրիարքի նախաձեռնությունն ու համաժողովի գումարմանն ուղղված ջանքերը, մեծապես կարևորեց ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի ստեղծումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձավ ԱՊՀ երկրների առջև ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին և նրանց հաղթահարման ուղիներին:

«Այսօր կրոնական կյանքի ազատությունն ունենք, վերարթնություն է ապրում հավատը մարդկանց սրտերում: Սակայն անհանգստությունից փարատված չեն մեր հոգիները, քանզի վտանգված ենք տեսնում հոգևոր հավիտենական ու համամարդկային այն արժեքները, որոնց հիմքի վրա միայն կարող են բարձրանալ ու ամուր լինել հասարակական կյանքի և ազգերի ու պետությունների նոր հարաբերությունները: Մենք ականատես ենք բարքերի անկման, հասարակության բևեռացման, տոտալիտար աղանդների քայքայիչ գործունեության, ականատես ենք մոլուցքների տարածման, բռնարարքների ու ահաբեկչության: Վերհիշելով վերջին ժամանակների ահաբեկչական գործողությունները իրենց ողբերգական հետևանքներով, մեզանից յուրաքանչյուրը կարող է հաստատել, որ դա չէ ձգտումն ու երազը մեր ժողովուրդների, ովքեր ուզում են ապրել ապահովության մեջ և ոչ` վախի ու սարսափի, ուզում են երջանիկ տեսնել իրենց ընտանիքները, շեն` իրենց հայրենիքը, ուզում են հավատով ու վստահությամբ նայել գալիքին: Այսօր մենք հավաքվել ենք մեր ժողովուրդների ու պետությունների կյանքում առավել ամրապնդելու խաղաղության, բարեկամության ու համագործակցության ճանապարհները, որ հաճելի են Աստծուն, որպեսզի զրահավորումները ոչ թե թնդանոթներն ու հրթիռները լինեն, այլ` Բարձրյալի շնորհներն ու օրհնությունը: Նույնն է մեր Արարիչը, նույն երկինքն է ամենքիս վերևում, թեպետ միշտ չէ, որ մեր խնդրանքը բարձրանում է առ Աստված ուրիշի բարիքի համար:

Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հարթված տեսնել իր մտահոգությունները, լուծված` իր դժվարությունները: Սակայն արդի դարի փոխշաղկապված իրականության մեջ դրանք` որքան էլ առանձնակի, հարաբերված են նաև, և բոլոր խնդիրները կարգավորումների պիտի առաջնորդվեն միայն խաղաղ ուղիներով, օրինականության, արդարության և իրավունքի հարգումով»,- նշեց Նորին Սրբությունն իր խոսքում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց հոգևոր առաջնորդների մեծ առաքելությունը` իբրև «հոգևոր արժեքների սերմնացանների», նշելով, որ հոգևոր արժեքներով են արդյունավորվում ժողովուրդների բարի կամեցողությունն ու փոխվստահությունը: Միաժամանակ Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց միջկրոնական համագործակցության հանդեպ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների դրսևորած նախանձախնդրության համար:

Առաջին լիագումար նիստի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի կողմից ընթերցվեց նաև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձը:

ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական համաժողովին մասնակցում են համագործակցության երկրներից շուրջ 200 կրոնական` քրիստոնյա, հրեա, մահմեդական և բուդդիստ հոգևոր առաջնորդներ ու պետական այրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության կազմում են Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպս. Մարտիրոսյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր և Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ տիար Ռաֆայել Պապայանը, ՀՀ արտաքին գործոց նախարարի օգնական տիար Կարեն Նազարյանը ևԱԺ պատգամավոր տիար Լևոն Մկրտչյանը: