Սբ. Հարության տոնի առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը մասնավոր ուղերձ է հղել իրաքահայությանը

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ԱՊՐԻԼ 13

Սբ․ Հարության մասնավոր ուղերձ իրաքահայությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով մասնավոր ուղերձ է հղել Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ արք. Ասատուրյանին եւ ողջ իրաքահայ համայնքին: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Մենք շարունակում ենք աղոթել, որ խաղաղ կյանքը շուտով իր բնական հունը գտնի Իրաքի հնամյա հողի վրա, եւ երկիրը, որը դարերով հյուրընկալել է մեր ժողովրդի զավակներին, արագորեն վերագտնի իր կենսական ուժերը:

Հանապազ աղոթում ենք ամենքիդ համար, որ դուք արիանաք դժվարությունների եւ հոգսերի մեջ եւ հավատով զորացած` Առաջնորդ, հովիվ եւ հոտ, նախնյաց աննկուն ոգով շարունակեք ապրել ու արարել եւ կենսունակ եւ աշխույժ պահել համայնքային ձեր կյանքը` ի մխիթարություն եւ ուրախություն աշխարհասփյուռ մեր ժողովրդի:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական ջերմ սիրով Մեր օրհնությունն ենք հղում ձեզ բոլորիդ` մաղթանքով, որ Տիրոջ հրաշափառ Հարության շնորհները մշտամնա լինեն ընտանեկան ձեր հարկերում եւ համայնքային կյանքից ներս»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջելով թեմակալ առաջնորդի եւ թեմական խորհրդի խնդրանքին եւ նկատի առնելով Իրաքում առկա ծանր իրավիճակը, արտոնել է Զատկի տոնակատարությունները կատարել հին տոմարով:

Զատկական պատարագի ընթացքում` ապրիլի 27-ին, Իրաքի թեմի առաջնորդն ու եկեղեցական դասը իրաքահայ համայնքին կներկայացնեն նաեւ Վեհափառ Հայրապետի մասնավոր ուղերձը: