Ուղերձ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 21

Սիրելի ժողովուրդ հայոց ի Սփյուռս աշխարհի.

Անկախության 11-րդ արշալույսն է բացվել հայոց երկնքում:

Անկախության օրվա ուրախ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ջերմորեն ող­ջու­նում եւ շնորհավորում ենք բոլորիդ եւ հղում Հայրապետական Մեր օրհնությունը:

Ազատ ապրելու ցանկությունը բնական ձգտումն է յուրաքանչյուր ժողովրդի եւ նրա ան­կողոպտելի իրավունքը, քանզի պարգեւն է Աստծո:

Ազատության համար շատ ենք մաքառել: Ազատության սիրով, գալիքի հանդեպ հա­վա­տով ու լավատեսությամբ 1991 թվականին վերահաստատեցինք հայոց անկախ պե­տա­կանությունը: Գոհություն ու փառք մատուցենք Ամենակարող Բարձրյալին եւ վերստին արժեւորենք մեր անցած դժվարին ուղին ու գնահատենք մեր ձեռքբերումները: Ան­կախության օրվա սրբազան խորհրդով հաստատենք մեր կամքը հավատարմորեն ծա­ռայելու հայրենի պետականության զորացմանը ու միաբանության սիրով մեկ­տե­ղենք մեր ուժերը, մեր եռանդն ու ջանքերը, որպեսզի համայն հայոց Հայրենիքը լցվի շի­նութ­յամբ ու նորոգվի պայծառությամբ:

Միածնաէջ Սուրբ Սեղանի առջեւ Հայրապետիս աղոթքն է, որ Աստված Իր օրհ­նութ­յան ներքո խաղաղ պահի աշխարհը համայն ու պահպանի աշխարհասփյուռ ազգս հա­յոց եւ Հայրենիքը մեր. ամեն:

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ