Շնորհավորական ուղերձ Բանակի օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առիթով

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, ՀՈՒՆՎԱՐ 28

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց Բանակի քաջարի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: 

 Այս տոնական օրը մեր հոգիները լցվում են հպարտության զգացումով, քանզի մեր հաղթական Բանակը արի ոգով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները՝ իր մշտարթուն ու խիզախ ծառայությամբ մեր կյանքում բերելով օրինակը հայրենասիրության ու պատասխանատվության:

 Մենք հավատում ենք, որ Հայոց Բանակի տոնը փառապանծ ու հերոսական հիշատակներով մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի պիտի զորացնի իր պարտքի մեջ հայրենիքի հանդեպ: Բանակի տոնը պատգամ է մեր ժողովրդին տոգորվելու հաղթանակների վստահությամբ, ջանք ու ավանդ բերելու Հայաստանի ու Արցախի շենացմանն ու զարգացմանը և իրագործելու առաջընթացի ու ազգային զարթոնքի մեր տեսիլքները: Մեր հայրենաշեն գործերը պիտի պանծացնեն նաև հիշատակը իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսների:

 Աստվածակառույց Մայր Տաճարի Սուրբ Սեղանի առջև Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը Իր շնորհների և օրհնության ներքո պահպանի մեր Բանակի սպաներին ու մարտիկներին`զորացնելով ամուր հավատքով, ուժ ու կորով պարգևելով իրենց պանծալի ծառայության մեջ և նպատակների իրագործում ու երջանկություն՝ իրենց կյանքում:
Թող Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, խաղաղ ու ապահով շենանա և զորանա հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը: